Ռուբէն Մելիք
| Ռուբէն Մելիք | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | հայ.՝ Մելիք Մինասյանց և ֆրանսերէն՝ Rouben Mélik-Minassiantz[1] |
| Ծնած է | 14 Նոյեմբեր 1921[2][3][4] |
| Ծննդավայր | Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[1] |
| Մահացած է | 21 Մայիս 2007[5][4] (85 տարեկանին) |
| Մահուան վայր | Le Kremlin-Bicêtre[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[3] |
| Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
| Ուսումնավայր | Փարիզի Համալսարան[3] |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ |
| Կուսակցութիւն | Ֆրանսայի Համայնավար Կուսակցութիւն[3] |
Ռուբէն Մելիք (Մելիք Մինասեանց, 14 Նոյեմբեր 1921[2][3][4], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[1] - 21 Մայիս 2007[5][4], Le Kremlin-Bicêtre[1]), սփիւռքահայ անուանի ֆրանսագիր բանաստեղծ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Փարիզ, 1921 թուականին, Իրանէն գաղթած հայ ընտանիքի մը մէջ։ Հայրը պարսկահայ է, մայրը՝ թիֆլիսահայ։ Մայրենի լեզուն սորված է ընտանիքին մէջ։ Ուսանած է Սորպոնի համալսարանին մէջ (1939-1942)։ Երիտասարդ տարիքէն գրած է ֆրանսերէն բանաստեղծութիւններ։
1946 թուականին լոյս տեսած է «Աշխարհի ակորտները» անդրանիկ ժողովածուն։ Այնուհետեւ հրատարակած է տասնհինգ ժողովածուներ, որոնցմէ կ'առանձնանան «Մատամ Լորելէյ» (1949 թ.), «Քրիստափոր Քոլոմպոս» (1952 թ.), «Լինչ» (1954 թ.), «Ուր արիւն հոսած է» (1955 թ.), «Միացեալ երգը» (1960, 1967 թթ., Ֆրանսական ակադեմիայի Մեծ մրցանակ), «Մարմին, ինձմով կենդանի» (1976, ֆրանսացի գրողներու մրցանակ), «Թափօր» (1984 թ.) գործերը։ Տպագրած է նաեւ «Հորիզոնի անցորդները», «Երջանկութեան օփերան», «Քարէ պահակը» (1961, Ֆրանսական ակադեմիայի ֆրանսերէնի մրցանակ) եւ «Ստորգետնեայ եղանակները» (1961) հատորները։
Ռուբէն Մելիք արժանացած է շարք մը հեղինակաւոր գրական մրցանակներու. օրինակ՝ «Միացեալ երգ» (երկրորդ ժողովածու) գիրքին համար 1967 թուականին արժանացած է Ֆրանսական ակադեմիայի «Փիէր տը Ռէնիէ» եւ «Անթոնէն Արթօ» մրցանակներուն։ 1976 թուականին ստացած է Ֆրանսայի գրողներու միութեան մրցանակը։
1968 թուականին եւ յետագային քանի մը անգամ այցելած է Հայաստան։ 1978 թուականին Երեւանի մէջ Աբրահամ Ալիքեանի թարգմանութեամբ լոյս տեսած է իր բանաստեղծութիւններու ընտրանին՝ «Մարմին, ինձմով կենդանի» խորագիրով։ Գիրքին ներածականին մէջ բանաստեղծը կը գրէ. «Ահա իմ պոէզիաս, այս գիրքին շնորհիւ, կը միաւորուի իմ բնաշխարհիս, հայկական աշխարհին։ Կ՚իրականանայ երիտասարդական մեծ իղձերէս մէկը՝ վերադառնալ հայրենի տուն, վաղ թէ ուշ, այս կամ այն ձեւով, վերադառնալ եւ իր տեղն ունենալ հարազատ օճախին մէջ»։
Հայ չափածոյ գրականութենէն կատարած է թարգմանութիւններ, պատրաստած է «Հայ պոէզիայի անթոլոկիան 5-րդ դարէն մինչեւ մեր օրերը», որ լոյս ընծայած է Փարիզի մէջ, 1973 թուականին («Էտիթէօր ֆրանսէզ րէօնի»)։ 1986 թուականին Երեւանի մէջ իրեն շնորհուած է Մեսրոպ Մաշտոցի անուան մրցանակը։
Ռուբէն Մելիք մահացած է Փարիզ, 2007 թուականի Մայիս 21-ին։
Ծանօթագրութւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 (unspecified title)
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1981. — հատոր 7. — է. 385.
- 1 2 3 4 Fichier des personnes décédées
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.