Ռիքարտօ Մութի
| Ռիքարտօ Մութի իտալ.՝ Riccardo Muti | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 28 Յուլիս 1941[1][2][3] (85 տարեկան) |
| Ծննդավայր | Նէափոլ, Իտալիա[3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Միլանի կոնսերվատորիա? և Conservatoire San Pietro a Majella de Naples? |
| Կոչում | Foreign member of the Russian Academy of Arts? |
| Տեսակ | modernism? և դասական երաժշտութիւն |
| Մասնագիտութիւն | խմբավար և երաժշտական ղեկավար |
| Աշխատավայր | Սանթա Չեչիլիայի Ազգային Կաճառ և Միլանի կոնսերվատորիա? |
| Անդամութիւն | Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ և Ամերիկեան Փիլիսոփայական Ընկերութիւն |
| Երեխաներ | Chiara Muti? |
| Կայքէջ |
www |
Ռիքարտօ Մութի ( իտալ.՝ Riccardo Muti, 28 Յուլիս 1941[1][2][3], Նէափոլ, Իտալիա[3]), իտալացի խմբավար[4][5]։ Ան «Օրքեսթրա Ճովանիլէ Լուիճի Քերուպինի»ի (Orchestra Giovanile Luigi Cherubini) ներկայ երաժշտական տնօրէնն է։ Մութի նախապէս վարած է պաշտօններ Ֆլորանսի «Մանճիօ Մուզիքալէ»ի (Maggio Musicale), Լոնտոնի «Ֆիլհարմոնիա» նուագախումբի (Philharmonia Orchestra), Ֆիլատելֆիոյ նուագախումբի (Philadelphia Orchestra), Միլանոյի «Թեաթրօ Ալլա Սքալա»յի (Teatro alla Scala), Զալցպուրկի Հոգեգալստեան փառատօնի (Salzburg Whitsun Festival) եւ Շիքակոյի սիմֆոնիք նուագախումբի (Chicago Symphony Orchestra) մէջ։ 2023-ին ան անուանուած է Շիքակոյի պատուակալ երաժշտական տնօրէն (music director emeritus)։
Իբրեւ բեղուն ձայնագրող արուեստագէտ, Մութի ստացած է բազմաթիւ պատիւներ եւ պարգեւներ, ներառեալ երկու «Կրեմմի» (Grammy) մրցանակ։ Ան յատկապէս կապուած է Ճուզէփփէ Վերտիի երաժշտութեան հետ։ Ըլլալով աշխարհի առաջատար խմբավարներէն մէկը, «Bachtrack»-ի 2015-ի հարցախոյզին մէջ երաժշտական քննադատներու կողմէ ան դասուած է իբրեւ աշխարհի հինգերորդ լաւագոյն ապրող խմբավարը[6]։
Մանկութիւն եւ Կրթութիւն[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մութի ծնած է Նափոլի (Նէապոլիս), սակայն իր վաղ մանկութիւնը անցուցած է Մոլֆէթթայի մէջ՝ Պարիի մօտ, Իտալիոյ հարաւային Ատրիաթիք ափամերձ Ափուլիա երկար մարզին մէջ։ Իր հայրը՝ Տոմենիքօ, ախտաբան (pathologist) էր Մոլֆէթթայի մէջ, ինչպէս նաեւ՝ սիրողական երգիչ եւ երաժշտութեան մեծ հովանաւոր․ իսկ մայրը՝ Ճիլտա, ինքնամփոփ ու խստապահանջ Նափոլիցի կին մըն էր, որ ունէր հինգ զաւակ[8][9]։
Մութի աւարտած է Նափոլիի «Վիթթորիօ Էմանուէլէ Բ.» դասական ճեմարանը (Liceo classico), ապա դաշնամուր ուսանած է «Սան Փիէթրօ ա Մայելլա» պահպանանոցին (Conservatory of San Pietro a Majella) մէջ՝ Վինչենցօ Վիթալէի մօտ, ուր արժանացած է պատուոյ դիպլոմի։ Յետագային, ան ստացած է յօրինման եւ խմբավարութեան դիպլոմ Միլանոյի «Ճուզէփփէ Վերտի» պահպանանոցէն, ուր ուսանած է յօրինող Պրունօ Պէթթինէլլիի եւ խմբավար Անթոնինօ Վոթթոյի մօտ։ Ան յօրինողութիւն ուսանած է նաեւ Նինօ Ռոթայի մօտ, զորս կը նկատէ իր ուսուցիչն ու առաջնորդը (mentor)։
1867-ին, Միլանոյի մէջ, ան միաձայնութեամբ դատակազմին կողմէ արժանացած է առաջին մրցանակին՝ «Կուիտօ Քանթէլլիի անուան խմբավարներու մրցոյթ»ին, իսկ յաջորդ տարին դարձած է «Մանճիօ Մուզիքալէ Ֆիորենթինօ»ի գլխաւոր խմբավարն ու երաժշտական տնօրէնը՝ պաշտօն մը, որ վարած է տասնմէկ տարի։
Ասպարէզ[10]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վաղ Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1971 թուականէն ի վեր, ան յաճախակի հրաւիրուած է ղեկավարելու օփերաներ եւ նուագահանդէսներ Զալցպուրկի փառատօնին, ուր յատկապէս ճանչցուած է Մոցարթի օփերաներու իր կատարումներով։ 1972-էն սկսեալ Մութի կանոնաւորաբար ղեկավարած է Լոնտոնի «Ֆիլհարմոնիա» նուագախումբը, իսկ 1973-ին անուանուած է անոր գլխաւոր խմբավարը՝ յաջորդելով Օթթօ Քլեմփերերը[11]։
1979-ին, Մութի դարձած է Ֆիլատելֆիոյ նուագախումբի երաժշտական տնօրէնն ու գլխաւոր խմբավարը։ 1986-ին ան դարձած է Միլանոյի «Ֆիլարմոնիքա տելլա Սքալա»յի գլխաւոր խմբավարը, որուն հետ 1988-ին ստացած է «Վիոթթի տ'Օրօ» (Viotti d'Oro) մրցանակը եւ շրջագայած Եւրոպայի մէջ։ 1989-ին ան ղեկավարած է Մոցարթի «Տոն Ճովաննի» օփերայի ուղղակի կատարումը, որ ձայնագրուած է DVD-ի վրայ։ 1991-ին, իբրեւ երաժշտական տնօրէն տասներկու տարի ծառայելէ ետք, ան յայտարարած է Ֆիլատելֆիոյ նուագախումբէն իր հրաժարականը, որ ուժի մէջ մտած է 1991–1992 եղանակի աւարտին։
1995-ին ան եղած է «Օգոստոս 2» (2 Agosto) Յօրինողներու միջազգային մրցոյթի դատակազմի նախագահը։
Պերլին եւ Վիեննա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մութի եղած է Պերլինի Ֆիլհարմոնիքի եւ Վիեննայի Ֆիլհարմոնիքի կանոնաւոր հիւր-խմբավարը։ 1996-ին ան ղեկավարած է Վիեննայի Ֆիլհարմոնիքը Վիեննայի Փառատօնի շաբթուան ընթացքին, ինչպէս նաեւ Ճափոնի, Քորէայի, Հոնկ Քոնկի եւ Գերմանիոյ շրջագայութիւններու ատեն․ ան վերջին անգամ Վիեննայի Ֆիլհարմոնիքին հետ Ճափոն շրջագայած է 2008-ին։ Մութի նաեւ մինչեւ օրս եօթը առիթներով ղեկավարած է նուագախումբի Վիեննայի Նոր Տարուան նուագահանդէսը՝ 1993, 1997, 2000, 2004, 2018, 2021 եւ 2025 թուականներուն[12][13]։
Աշխատանքը Օփերայի Մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միլանոյի «Թեաթրօ Ալլա Սքալա»յէն զատ, ուր ան 19 տարի եղած է երաժշտական տնօրէն, Մութի ղեկավարած է օփերային ներկայացումներ Ֆիլատելֆիոյ նուագախումբին հետ, ինչպէս նաեւ բեմադրութիւններ՝ Հռոմի (1969-էն սկսեալ), Ռաւեննայի, Վիեննայի, Լոնտոնի (1977-էն սկսեալ), Միւնիխի (1979-էն սկսեալ) եւ վերջապէս, 2010-ին, Նիւ Եորքի գլխաւոր օփերային թատրոններուն մէջ։ Վիեննայի Պետական Օփերայի հետ իր աշխատանքը ընդգրկած է «Այիտա»ն (Aida)՝ 1973-ին, «Ճակատագրի ուժը» (La forza del destino)՝ 1974-ին, «Նորմա»ն (Norma)՝ 1977-ին, «Ռիկոլէթթօ»ն (Rigoletto)՝ 1983-ին, «Այսպէս կ ընեն բոլորը» (Così fan tutte)՝ 1996-ին եւ 2008-ին, «Տոն Ճովաննի»ն (Don Giovanni)՝ 1999-ին եւ «Ֆիկարոյի ամուսնութիւնը» (The Marriage of Figaro)՝ 2001-ին։
Անձնական Կեանք[14]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մութի ամուսնացած է Մարիա Քրիսթինա Մացցավիլլանիի հետ, որ «Ռաւեննա Փառատօն»ի հիմնադիրն ու տնօրէնն է։ Անոնք ունին երկու տղայ՝ Տոմենիքօ եւ Ֆրանչեսքօ, եւ դուստր մը՝ Քիարա, որ ամուսնացած է դաշնակահար Տէյվիտ Ֆրէյի հետ[15]։
2010-ին Մութի գրած է ինքնակենսագրութիւն մը։ Յաջորդ տարին անիկա թարգմանուած եւ հրատարակուած է անգլերէնով՝ «Ռիքարտօ Մութի․ Ինքնակենսագրութիւն․ Նախ Երաժշտութիւնը, Ապա Խօսքերը» (Riccardo Muti: An Autobiography: First the Music, Then the Words) խորագրով։ «Chicago Tribune»-ի երաժշտական քննադատ Ճոն ֆոն Ռայն Մութիի յուշագրութիւնը բնորոշած է իբրեւ «հրապուրիչ»[16]։
Երկացանկ եւ Ձայնագրութիւններ[17]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆիլատելֆիոյ նուագախումբին հետ իր ձայնագրութիւնները կ՚ընդգրկեն Պեթհովենի սիմֆոնիաներու ամբողջական շարքը, Պրամսի եւ Սքրիապինի սիմֆոնիաները, Չայքովսքիի եւ Փրոքոֆեւի ընտրեալ գործերը, ինչպէս նաեւ քիչ ճանչցուած գործեր այնպիսի յօրինողներէ, ինչպիսիք են Փուչինին եւ Պուզոնին։
Մութի կը նկատուի Վերտիի օփերաներու աշխարհի մեծագոյն խմբավարներէն մէկը։ Ան նաեւ ղեկավարած է ամէնամեայ օփերային նուագահանդէսային ներկայացումներու շարք մը՝ ներառեալ Վերտիի, Փուչինիի, Մոցարթի եւ Վակների գործերը։ 1992-ին Մութի ղեկավարած է Լեոնքավալլոյի «Պայացներ» (Pagliacci) օփերայի կատարումները Լուչիանօ Փավարոթթիի մասնակցութեամբ։ Այս կատարումներէն պատրաստուած է նաեւ ձայնագրութիւն։
«Լա Սքալա»յի մէջ Մութի աչքի զարնած է Դասական եւ վաղ Ռոմանթիք շրջանի քիչ ճանչցուած գործերու ուսումնասիրութեամբ, ինչպիսիք են Քերուպինիի «Լոտոյիսքա»ն (Lodoiska) եւ Սփոնթինիի «Վեսթալուհին» (La vestale)։
Ճանաչում[18]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պատուոյ Տիտղոսներ եւ Շքանշաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մութի ստացած է քանի մը պատուոյ տիտղոսներ Իտալիոյ կառավարութենէն․ 1980-ին ան նշանակուած է Իտալիոյ Հանրապետութեան «Արժանաց Առ Մեծ Սպայ» (Grand Officer of the Order of Merit of the Italian Republic), իսկ 1990-ին աստիճանը բարձրացուելով դարձած է նոյն Շքանշանի «Ասպետ Մեծ Խաչ» (Knight Grand Cross)։ 1997-ին ան պարգեւատրուած է Իտալիոյ «Մշակոյթի եւ Արուեստի Արժանաց Մեծ Ոսկէ Մետալ»ով։
Մութի 1981-էն ի վեր Երաժշտութեան Արքայական Ակադեմիայի (Royal Academy of Music) Պատուոյ Անդամ է (Hon RAM)։
1989-ին Մութի ընտրուած է Ամերիկեան Փիլիսոփայական Ընկերակցութեան անդամ։
1996-ին ստացած է Փավիայի Համալսարանի պատուոյ դոկտորի տիտղոս։
2000-ին Մութիին շնորհուած է Բրիտանական Կայսրութեան «Պատուակալ Ասպետ Հրամանատար» (KBE) տիտղոսը։
13 Հոկտեմբեր 2003-ին Մութիին շնորհուած է Պարսելոնայի Համալսարանի (Universitat de Barcelona) honoris causa դոկտորի տիտղոս։
2008-ին Մութի ընտրուած է Ամերիկեան Արուեստից եւ Գիտութիւններու Ակադեմիայի անդամ։
4 Յունիս 2010-ին, Ֆրանսայի այն ատենուան Առաջին Տիկին Քարլա Պրունի-Սարքոզիի կողմէ, Մութի նշանակուած է Պատուոյ Լեգէոնի «Հրամանատար» (Commander of the Legion of Honour)։
2011-ին Մութի դարձած է Ռուսիոյ «Բարեկամութեան Շքանշան»ի անդամ։
2012-ին, Պենեդիկտոս ԺԶ. Պապին կողմէ, Մութիին շնորհուած է Սուրբ Գրիգոր Մեծի Շքանշանի «Ասպետ Մեծ Խաչ» տիտղոսը։
2013-ին Մութի անուանուած է «EMMA for Peace» երաժշտական հաստատութիւններու ցանցի Պատուակալ Նախագահ։
20 Յունիս 2014-ին Մութի պատուոյ դոկտորի տիտղոս ստացած է Էվանսթընի Նորթուեսթերն Համալսարանէն (Northwestern University)։
3 Յուլիս 2016-ին Մութի պարգեւատրուած է Ճափոնի «Ծագող Արեւի Շքանշան»ի 2-րդ կարգի՝ Ոսկէ եւ Արծաթէ Աստղով։
1 Յուլիս 2018-ին Մութի պարգեւատրուած է Ուքրանիոյ «Արժանաց Շքանշան»ի 3-րդ կարգով։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2010 «Կրեմմի» Մրցանակներ (2). «Լաւագոյն Դասական Ալպոմ» եւ «Լաւագոյն Երգչախումբային Կատարում» անուանակարգերուն մէջ՝ Վերտիի «Ռեքվիէմ» (Requiem) ստեղծագործութեան ձայնագրութեան համար[19]
- 2011 Պիրկիթ Նիլսոնի Անուան Մրցանակ (Birgit Nilsson Prize)[20]
- 2011 Ասթուրիայի Արքայազնի Մրցանակ՝ Արուեստի Բնագաւառէ Ներս (Prince of Asturias Award for the Arts)
- 2018 «Praemium Imperiale» Մրցանակ[21]
- 2025 Ռացինկերի Անուան Մրցանակ (Ratzinger Prize)[22]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Person Profile // Internet Movie Database — 1990.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ «ԱՐՈՒԵՍՏԻ ԱՇԽԱՐՀԷՆ. ԻՏԱԼԻՈՅ ՄԷՋ ՆՈՅՆԻՍԿ ՎԵՐՏԻ ԻՐ ԽՕՍՔԸ ՈՒՆԻ - Aztag Daily»։ archive.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2026-07-31
- ↑ (անգլերեն) Riccardo Muti, 2026-07-03, https://en.wikipedia.org/w/index.php?title=Riccardo_Muti&oldid=1362372072, վերցված է 2026-07-31
- ↑ Pullinger, Mark (3 September 2015). "Chailly and the Berliner Philharmoniker: the critics' choice for World's Best Conductor and Orchestra". Bachtrack. Retrieved 6 May 2021.
- ↑ (անգլերեն) Riccardo Muti, 2026-07-03, https://en.wikipedia.org/w/index.php?title=Riccardo_Muti&oldid=1362372072, վերցված է 2026-07-31
- ↑ "Muti, la mia infanzia a Molfetta quando in regalo ebbi un violino". www.lagazzettadelmezzogiorno.it. 10 November 2010.
- ↑ "Riccardo Muti recalls childhood memories of a 'caro nome'". www.csosoundsandstories.org. Archived from the original on 3 October 2022. Retrieved 24 August 2021.
- ↑ (անգլերեն) Riccardo Muti, 2026-07-03, https://en.wikipedia.org/w/index.php?title=Riccardo_Muti&oldid=1362372072, վերցված է 2026-07-31
- ↑ Stephen Moss (31 January 2005). "Enough!". The Guardian. Retrieved 3 June 2007.
- ↑ Wiener Philharmoniker (1 January 2024). "The New Year's Concert 2025 will be conducted by Maestro Riccardo Muti". Wiener Philharmoniker. Retrieved 1 January 2024.
- ↑ Wiener Philharmoniker (1 January 2025). "New Year's Concert 2025 with Riccardo Muti". Wiener Philharmoniker. Retrieved 1 January 2025.
- ↑ (անգլերեն) Riccardo Muti, 2026-07-03, https://en.wikipedia.org/w/index.php?title=Riccardo_Muti&oldid=1362372072, վերցված է 2026-07-31
- ↑ "Chiara Muti Swans in Fendi for La Scala's Swan Lake". Opera Chic. 25 July 2013. Retrieved 1 December 2019.
- ↑ von Rhein, John (27 July 2011). "Muti book a compelling saga of a rich life lived in music". Chicago Tribune. Retrieved 9 June 2016.
- ↑ (անգլերեն) Riccardo Muti, 2026-07-03, https://en.wikipedia.org/w/index.php?title=Riccardo_Muti&oldid=1362372072, վերցված է 2026-07-31
- ↑ (անգլերեն) Riccardo Muti, 2026-07-03, https://en.wikipedia.org/w/index.php?title=Riccardo_Muti&oldid=1362372072, վերցված է 2026-07-31
- ↑ "53rd Annual GRAMMY Awards". GRAMMY.com. 28 November 2017.
- ↑ "The Birgit Nilsson Prize 2011 recipient". Archived from the original on 25 July 2011. Retrieved 16 March 2011.
- ↑ "Riccardo Muti receives Praemium Imperiale Award". Gramophone. London. 11 July 2018. Retrieved 17 July 2018.
- ↑ Bordoni, Linda (12 December 2025). "Pope Leo thanks Riccardo Muti for making God's presence resound with beauty". Vatican News. Retrieved 16 December 2025.