Նիկողայոս Բունիաթեան
| Նիկողայոս Բունիաթեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 24 Օգոստոս (5 Սեպտեմբեր) 1878[1], 24 Օգոստոս 1878[2] կամ 7 Սեպտեմբեր 1884[2] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 13 Դեկտեմբեր 1943[1][2] |
| Մահուան վայր | Մոսկուա, Խորհրդային Միութիւն[1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1][2] |
| Ուսումնավայր | Օդեսայի գեղարվեստական ուսումնարան? և Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոց[1] |
| Երկեր/Գլխաւոր գործ | Գյուղատնտեսական բանկի շենք?, Կրանտ հոթել Երեւան և Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց? |
| Մասնագիտութիւն | ճարտարապետ և դասախօս |
| Աշխատավայր | Վխուտեմաս?, Երեւանի Պետական Համալսարան և ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիա? |
| Անդամութիւն | Հայաստանի Ճարտարապետներու Միութիւն |
Նիկողայոս Բունիաթեան (24 Օգոստոս (5 Սեպտեմբեր) 1878[1], 24 Օգոստոս 1878[2] կամ 7 Սեպտեմբեր 1884[2], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 13 Դեկտեմբեր 1943[1][2], Մոսկուա, Խորհրդային Միութիւն[1][2]), Երեւանի առաջին գլխաւոր ճարտարապետը։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս։ Օտեսայի գեղարուեստի ուսումնարանին մէջ սորված է արուեստ եւ ճարտարապետութիւն, ապա 1914 թուականին աւարտած է Սանկտ Փեթերսպուրկի գեղարուեստի ակադեմիան։ 1911-1912 թուականներուն չափագրած, գծագրած եւ ջրաներկով պատկերած է Նովոլատոժսքի շրջանի 15-17-րդ դարերու ռուսական ճարտարապետութեան փայտէ եւ քարէ շուրջ 15 յուշարձան, իսկ 1913 թուականին՝ Մոսկուայի «Մենշիկովի աշտարակը» (Գաբրիէլ հրեշտակապետի եկեղեցին)։
Հայկական յուշարձաններու ուսումնասիրութեամբ Բունիաթեան զբաղած է 1914 թուականէն, երբ ակադեմիկոս Նիկողայոս Մառ զինք հրաւիրած է մասնակցելու Շիրակի շրջանին մէջ կատարուող գիտարշաւին։ 1914-1916 թուականներուն Նիկողայոս Մառի Անիի հնագիտական արշաւախումբերու կազմին մէջ հետազօտած, չափագրած եւ նկարած է միջնաբերդի Պալատական եկեղեցին, Աբուղամրենց Սուրբ Գրիգորը, քաղաքատիպ բնակելի տուներ, Երերոյքի եւ Շիրակաւանի տաճարները, Օղուզլուի եկեղեցին, Տիգնիս ամրոցը եւ այլն։
1917-1924 թուականներուն եղած է Մոսկուայի ճարտարապետական ինստիտուտի դասախօս, ամպիոնի վարիչ, ինչպէս նաեւ Մոսկուա-Քազան երկաթուղիի Կրատովօ կայարանին մէջ Ալեքսանդր Թամանեանի նախագիծով կառուցուող հիւանդանոցային աւանի շինարարութեան ղեկավար։ 1924 թուականին Ալեքսանդր Թամանեանի խորհուրդով Նիկողայոս Բունիաթեան հրաւիրուած է Հայաստան․ 1924-1936 թուականներուն եղած է Երքաղխորհուրդի ճարտարապետական արուեստանոցի ղեկավար, իսկ 1924-1938 թուականներուն՝ Երեւանի առաջին գլխաւոր ճարտարապետ։ Միաժամանակ 1924-1930 թուականներուն դասաւանդած է ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետին մէջ (1924 թուականին՝ ֆակուլտետի դեկան)՝ իր ջանքերով հիմնադրուած ճարտարապետական բաժնին մէջ (փրոֆեսէօր, ամպիոնի վարիչ)․ մեծ աւանդ ներդրած է Երեւանի շինարարական ինստիտուտի կազմակերպման (1933 թուականէն՝ ԵՊԻ) եւ հայկական ճարտարապետական դպրոցի ստեղծման գործին մէջ։
Նիկողայոս Բունիաթեանի անմիջական ղեկավարութեամբ բացուած են մայրաքաղաքի մայրուղիներն ու հրապարակները, կառուցապատուած են նոր թաղամասեր, իրականացուած է Թումանեան եւ Նալպանտեան փողոցներու խաչմերուկի երկու նմանօրինակ բնակելի տուներով (1925) քաղաքաշինական լուծումը։
1938 թուականին անհիմն կերպով բռնադատուած է, իսկ 1939 թուականին՝ արդարացուած։
1940 թուականին Կարօ Հալապեանի հրաւէրով Նիկողայոս Բունիաթեան տեղափոխուած է Մոսկուա․ 1940-1943 թուականներուն եղած է ԽՍՀՄ ճարտարապետութեան ակադեմիայի ասպիրանտուրայի տնօրէնի պաշտօնակատար։
Ստեղծագործական Աշխատանք[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բունիաթեանի՝ նուրբ քաղաքաշինարարի զգացողութեամբ, ճարտարապետական մեծ տաքթով (համաչափութեան զգացումով) եւ պրոֆեսիոնալ խոր կուլտուրայով (մշակոյթով) ստեղծուած ստեղծագործութիւնները դարձած են Երեւան քաղաքի 1920-1930-ական թուականներու ճարտարապետական կերպարին կրողները։
Նիկողայոս Բունիաթեանի նախագիծերով կառուցուած է՝
- Շուրջ 70 շէնք — Նաեւ Գիւմրիի, Վանաձորի, Հրազդանի, Երեւանի մէջ (բնակելի շէնքեր՝ Նալպանդեան փողոց 21, 23, Մաշտոցի պողոտայ 14, 18)։
- Երեւանի մէջ հիւրանոցներ — «Ինթուրիսթ» («Ռոյալ Թուլիփ-Երեւան», 1926․ հիւրանոցին ճակատներն ու ինթերիերները [ներքին հարդարանքը] մշակելու ատեն Բունիաթեան օգտուած է դասական ճարտարապետութեան ձեւերէն), «Սեւան» (1930, քանդուած է 2004 թուականի Դեկտեմբերին)։
- Գիւղպանքը (1927, օգտագործած է հայկական միջնադարեան ճարտարապետութիւնը)։
- Հանրակացարաններ — ԵՊՀ (Կորիւնի փողոցին վրայ, 1928), ՀՊՄՀ (Տիգրան Մեծի պողոտայի եւ Խանջեան փողոցի անկիւնը, 1929)։
- «Հայկինո»-յի նկարահանման տաղաւարները Տէրեան փողոցին վրայ (1928)։
- Քանաքեռի մէջ Խաչատուր Աբովեանի տան (18-րդ դար) վերակառուցումը տուն-թանգարանի (1929)։
- Մանկական առողջարան Նորքի մէջ (1933)։
- Շահումեանի անուան թիւ 1 դպրոցի շէնքը՝ Մաշտոցի պողոտայ 33ա։
Ան սկսած է Գառնիի ամրոցի եւ տաճարի գիտահետազօտական ու վերականգնման առաջին աշխատանքները, որոնց արդիւնքը ամփոփած է «Հեթանոսական տաճար Տրդատի պալատին կից Գառնի ամրոցում» (1933, հայերէն, ռուսերէն, ֆրանսերէն) աշխատութեան մէջ. այս աշխատութիւնը հիմք ծառայած է հետագային տաճարի վերականգնման համար։
Մէջբերումներ Նիկողայոս Բունիաթեանէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Ոճը կը ստեղծուի հաւաքական կառուցումներով։ Ամէն մէկ երկիր, ամէն մէկ ժողովուրդ պէտք է մտցնէ իր ստեղծագործական աշխատանքին բաժինը համաշխարհային ճարտարապետութեան ընդհանուր օրկանիզմին մէջ։ Ապագան ցոյց պիտի տայ, թէ վերոյիշեալ մատնանշուած ուղղութիւնը, որ կը բխի նաեւ դարաշրջանի (էպոքայի) տնտեսական հանգամանքներէն, որքան առաջ պիտի բերէ ճարտարապետ-նորոգողները, որոնք պիտի ստեղծեն մոռցուած աւանդոյթը եւ պիտի մշակեն նոր՝ սեփական գեղագիտութիւն»։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ани. Дворцовая церковь, П., 1915 (Памятники армянского искусства, в. 1)․
- Архитектура Армении [I-XIX вв.], М., 1950 (համահեղինակ)․
Գրականութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դոլուխանեան Լ․, Նիկողայոս Բունիաթեան, Երեւան, 1990․
- Ильина М., Профессор Н. Г. Буниатов, М., 1944․
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B5%D5%B8%D5%BD_%D4%B2%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%A1%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6
- ↑ https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B5%D5%B8%D5%BD_%D4%B2%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%A1%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6