Մսեր Մսերեան
| Մսեր Մսերեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 20 Դեկտեմբեր 1808[1] |
| Ծննդավայր | Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 2 (14) Օգոստոս 1873[1] (64 տարեկանին) |
| Մահուան վայր | Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Մասնագիտութիւն | մատենագիր, մշակութային գործիչ, ազգագրագետ, աստուածաբան, գրագէտ և պատմաբան |
| Աշխատավայր | Լազարեան Ճեմարան[1], Ճռաքաղ[1] և Համբաւաբեր Ռուսիոյ[1] |
| Երեխաներ | Զարմայր Մսերեանց |
Մսեր Մսերեան (20 Դեկտեմբեր 1808[1], Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 2 (14) Օգոստոս 1873[1], Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[1]), հայ մատենագիր, մշակութային գործիչ։
Կենսագրական գիծեր[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսանած է ծննդավայրի Մեսրոպեան վարժարանին մէջ, աշակերտած է Յովհաննէս Վանանդեցիին։ 1825 թուականին տեղափոխուած է Էջմիածին, ուսումը շարունակած՝ Գէորգեան ճեմարանին մէջ (Խաչատուր Աբովեանի հետ)։ Եղած է կաթողիկոսի ատենադպիրը։ 1848 թուականին հրաւիրուած է Մոսկուա՝ Լազարեան ճեմարանին մէջ կրօնի պատմութիւն եւ հայոց լեզու դասաւանդելու։ Հոն, 1858-1862 թուականներուն, որդւոյն՝ Զարմայր Մսերեանի հետ հրատարակած է «Ճռաքաղ»-ը, իսկ 1861-1864 թուականներուն՝ «Համբաւաբեր Ռուսիոյ» կիսամսեայ թերթը։ Այս պարբերականներուն մէջ Մսերեան տպագրած է կրօնա-աստուածաբանական բնոյթի յօդուածներ («Թէոդորոսի միայնակեցի գովեստ ի սուրբ Աստուածածինն», «Քրիստոսի թուականն»), գրաբար բանաստեղծութիւններ ու պոէմներ («Պարոյր պսակեալ», «Օթեւանք դիւցազանց հայոց»), եւ պահպանողական դիրքերէ քննած է հայ ժողովուրդին ապագան։ Իր գաղափարներուն համար զինք խստօրէն քննադատած են Նալբանտեանն ու Ա․ Նազարեանը։ «Խմբագիր չափածոյ բանից» (1864) ժողովածուին մէջ Մսերեան խորունկ գրաբարով գովերգած է պատմական Հայաստանն ու Աստուածաշունչի զանազան դրուագները։ Ուշագրաւ է «Յիշատակարան կենաց եւ գործոց մեծանուն Պայազատաց Լազարեան տոհմին» (1856) մատենագիտական-պատմաբանական աշխատութիւնը, որ Լազարեաններու տոհմածառին գործունէութիւնը պատմական քննութեան ենթարկելու առաջին փորձն է։ Մսերեանը իբրեւ մատենագիր կը ներկայացնէ «Պատմութիւն կաթողիկոսաց Էջմիածնի ի Սիմէօնէ մինչ ցՅոհաննէս» (1876) գործը։ Կրօնադաւանաբանական բնոյթի են «Հաւատապատում, կամ այն է մանր ուսմունք քրիստոնէական հաւատոյ․․․» (1850) երկհատոր մենագրութիւնը, «Հրահանգ քրիստոնէական հաւատոյ» (1850) եւ «Մանր ուսմունք ազգային եկեղեցական պատմութեան․․․» (1874) դասագիրքերը։ Իր որոշ ուսումնասիրութիւնները («Միրզայեան պէյ, պատմութիւն վարուց նորա») եւ նամակները (Խաչատուր Աբովեանին, Յարութիւն Ալամդարեանին) յետմահու տպագրուած են տիկնոջ՝ Սոֆիա Մսերեանի հրատարակած «Փարոս Հայաստանի» (1879-1881) հանդէսին մէջ։
Մատենագիտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վասակ։ «Արարատ» (Թիֆլիս), 1851, թիւ 17։
- Վասակ ի դժոխս (բանաստեղծութիւն)։ «Արարատ» (Թիֆլիս), 1851, թիւ 17։
- Յաղթանակ հաւատոյ մեծին Վարդանայ (պոէմ)։ «Արարատ» (Թիֆլիս), 1851, թիւ 28-31։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 — հատոր 8. — է. 61.
- 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ (հայերեն) Մսեր Մսերյան, 2025-10-20, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%BD%D5%A5%D6%80_%D5%84%D5%BD%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10474735, վերցված է 2026-09-24