Ազգային Կեդրոնական Վարժարան (Մուշ)

Jump to navigation Jump to search

Մշոյ Ազգային կեդրոնական վարժարան (Պոլսի Հայոց պատրիարք Ներսէս Վարժապետեանի անունով յայտնի է նաեւ որպէս Ներսէսեան վարժարան), ժամանակի արեւմտահայ լաւագույն դպրոցներից մէկն էր եւ ունէր որակեալ մանկավարժական կազմ։ Այն հիմնադրուած էր 1878 թուականի աշնանը` Միացեալ ընկերութեան կողմից։ Վարժարանի տեսուչի պաշտօնը 1879-1884 թթ. զբաղեցնում էր նշանաւոր մտաւորական Մկրտիչ Սարեանը, որի օրօք այն ապրեց իր ամենաբեղուն ծաղկման շրջանը։

Վարժարանը կը գործէր Մուշ քաղաքի Ձորի թաղի նորակառոյց երկյարկանի շէնքին մէջ` ընդարձակ եւ լուսաւոր սենեակներով եւ իր ժամանակի համար արդիական բոլոր յարմարութիւններով։ Ուսուցչական կազմը ձեւաւորուել էր Պոլսի ուսումնական հաստատութիւնների եւ Խարբերդի Եփրատ քոլէջի շրջանաւարտներից։ Վարժարանի լաւագոյն ուսուցիչներէն էր Համբարձում Պէրպէրեանը, որը յետագայում փոխարինեց Մկրտիչ Սարեանին տեսուչի պաշտօնում։ Օրական դասերի տեւողութիւնը 6 ժամ էր։ Ուսուցումն իրականացւում էր Միացեալ ընկերութեան կողմէն մատակարարուող նոր տիպի դասագրքերով։ Կենտրոնական վարժարանի գործունէութեան ամբողջ ծախսերը հոգում էր Միացեալ ընկերութիւնը` որոշ օժանդակութիւն ստանալով Պոլսում պանդուխտ տարօնացիներից, որոնք կազմել էին Միացեալ ընկերութեան` Տարօնի լուսաւորութեան նպատակը հետապնդող մասնաճիւղ։

Կենտրոնական վարժարան կ'ընդունուէին ոչ միայն Մուշ քաղաքի ու Մուշի շրջակայ գիւղերը, այլ նաեւ Սասունի, Խնուսի եւ այլ շրջաններից աշակերտներ։ Վարժարանի գործունէութեան առաջին տարում հաստատութիւն ընդունուեցին շուրջ 80 երեխայ, յետագայ տարիներին աշակերտների թիւը հասաւ 150-ի։ Առաջին` թուով 11 շրջանաւարտներ, վարժարանը տուեց 1883 թուականին, 1884 թ. շրջանաւարտների թիւը 15 էր։ Աւարտելէն անմիջապէս յետոյ վարժարանի շատ ուսանողներ իրենց հերթին մեկնեցին Մուշ գաւառի տարբեր բնակավայրեր` հետզհետէ բացուող դպրոցների մէջ դասաւանդելու համար։ Մշոյ ազգային կենտրոնական վարժարանում ուսանած յայտնի հայ գործիչներէն էին ազգագրագէտ, բանահաւաք–բանասէր, մանկավարժ, հասարակական գործիչ Սահակ Մովսիսեանը (Բենսէ), հայդուկապետ, ռազմական տեսաբան, հայ ֆիդայական շարժման ղեկավարներից Հրայր Դժոխքը, ֆիդայի Հակոբ Կոտոյեանը, գրող, գաւառական գրականութեան ներկայացուցիչներից, լրագրող եւ քաղաքական գործիչ Գեղամ Տէր-Կարապետեանը (Մշոյ Գեղամ), հայ հրապարակախօս, խմբագիր, արձակագիր, թարգմանիչ Գալուստ Անդրէասեանը, մանկավարժ եւ հոգեւորական Անդրանիկ Սայեանը (Տէր Օշական քահանայ Սայեան) եւ այլօք:

Կենտրոնական վարժարանի գործունէութեան ամենաբեղուն ժամանակաշրջանն էր 1880-1884 թուականները: Կրթարանի հեղինակութեան բարձրացմանը զուգահեռ հետզհետէ սաստկանում էին նրա նկատմամբ օսմանեան իշխանութիւնների ճնշումները։ Ոչ միանշանակ էին դիտարկւում վարժարանում անցկացուող մարմնամարզի դասերը. մասնաւորապէս դրանց ընթացքում հասարակ համաչափ քայլքը, վարժութիւնները, «Ո՞րն է աշխարհ Հայաստան» քայլերգի տակ արշաւի գնալը մուսուլման ազգաբնակչութեան կողմից ընկալւում էին որպէս հայերի` զինուորական պատրաստութեան փորձ։ Դէպքերին ականատես, ինքը` Կենտրոնական վարժարանի շրջանաւարտ Սարգիս Բդէեանը նշում է, որ Մուշում եւրոպական կրթական վերջին չափանիշներով գործող վարժարանի գոյութիւնը հարուցում էր նաեւ տեղի մուսուլման ազգաբնակչութեան նախանձը. «Թուրքերը, մէկ–երկու մէտրէսէներէ զատ, (…) ուրիշ դպրոց չունէին եւ ջանք ալ չէին թափեր դպրոցներ բանալու»։ Դժգոհութիւն էր հարուցում յատկապէս վարժարանի տեսուչ` Մկրտիչ Սարեանի գործունէութիւնը, որն առանձնանում էր իր հայրենասիրական բնոյթով։ 1884 թ–ին վերջին տեսուչը ձերբակալւում է իբրեւ «խռովարար»։ Ազատ արձակուելէն յետոյ ան ստիպուած է հրաժարական տալ իր պաշտօնէն եւ ընդհանրապէս հեռանալ Մուշէն։ 1885-ին տեսուչի պաշտօնը վարում է Յովհաննէս Պէրպէրեանը, որը սակայն ստիպուած է հրաժարուել պաշտօնէն եւ հեռանալ Պոլիս։ Ինչպէս կը նշէ իր յուշերու դէպքերին ականատես Սարգիս Բդէեանը. «Անկէ յետոյ... նոր դէմքեր եկան, բայց այլեւս չկրցան երկար մնալ ու դպրոցին դիրքը բարձր պահել»։

1895–ին` Համիդեան կոտորածների եւ «զուլումի» տարում, Միացեալ ընկերութիւնը ստիպուած է դադարեցնել իր գործունէութիւնը։ Կը փակուին անոր կողմէ հիմնադրուած եւ ֆինանսաւորուող բոլոր կրթական հաստատութիւնները, այդ թւում` նաեւ Մուշի կենտրոնական վարժարանը։ Մուշի կրթական կեանքի վերազարթօնքը տեղի կ'ունենայ 1908 թ. երիտթուրքական յեղաշրջումից եւ սահմանադրական կարգերի վերահաստատումից յետոյ։ Իր գործունէութիւնը վերսկսած Միացեալ ընկերութիւնը 1909 թ. յունուարի 1-ին վերաբացում է Մշոյ կենտրոնական վարժարանը։ 1909-10 ուսումնական տարում վարժարանն ունենում է 165 աշակերտ (7 ուսուցիչներ), իսկ 1910-11–ին` 122 աշակերտ (8 ուսուցիչներ)։ Կենտրոնական վարժարանը կը շարունակէ գործել մինչեւ 1915 թուականը[1]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]