Jump to content

Մաթիու Քասովից

Մաթիու Քասովից
ֆրանսերէն՝ Mathieu Kassovitz
Ծնած է 3 Օգոստոս 1967(1967-08-03)[1][2][3] (59 տարեկան)
Ծննդավայր Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[4]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Կրօնք Յուդակայանութիւն
Մասնագիտութիւն դերասան, ժապաւէն արտադրող, ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ, բնավորության դերասան, մոնտաժող, Շարժապատկերի դերասանուհի, հեռատեսիլի դերասան և բեմադրիչ
Ամուսին Ջուլի Մոդուե?
Ծնողներ հայր՝ Պետեր Կասովիտց?
Երեխաներ Carmen Kassovitz?

Մաթիու Քասովից (ֆրանսերէն՝ Mathieu Kassovitz, 3 Օգոստոս 1967(1967-08-03)[1][2][3], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսացի դերասան, բեմագիր եւ շարժանկարի բեմադրիչ։ Ան իր ստեղծագործական ասպարէզը սկսած է 1978 թուականին։ Ան արժանացած է երեք Սէզար մրցանակներու. «Ամէնախոստումնալից դերասան»՝ «Տես թէ ինչպէս կ՛իյնան» (Regarde les hommes tomber, 1994) ֆիլմին համար, ինչպէս նաեւ «Լաւագոյն ֆիլմ» եւ «Լաւագոյն մոնթաժ»՝ «Ատելութիւն» (La Haine, 1995) ֆիլմին համար։ Ան նաեւ առաջադրուած է «Լաւագոյն բեմադրիչ» եւ «Լաւագոյն բնագիր կամ յարմարցուած բեմագրութիւն» անուանակարգերուն մէջ[5]:

Մաթիու Քասովից ֆիլմի արտադրիչ, բեմադրիչ եւ սենարիստ Փիթըր Քասովիցի եւ ֆիլմի մոնթաժող Շանթալ Ռեմիի որդին է: Անոր մայրը ֆրանսացի կաթոլիկ է, իսկ հայրը՝ հունգարացի հրեայ, որ փախուստ տուած է 1956-ի հունգարական ապստամբութեան ատեն: Մաթիու ինքզինք նկարագրած է իբրեւ «ոչ հրեայ, բայց մեծցած հրէական հումորի աշխարհի մէջ»[7]:

Իբրեւ ֆիլմարտադրող

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Իբրեւ ֆիլմարտադրող՝ Քասովից արձանագրած է գեղարուեստական եւ առեւտրական շարք մը յաջողութիւններ։ Ան գրած եւ բեմադրած է «Ատելութիւն» (La Haine, 1995) ֆիլմը, որ կը շօշափէ դասակարգային, ցեղային, բռնութեան եւ ոստիկանական դաժանութեան առնչուող թեմաներ։ Ֆիլմը շահած է «Լաւագոյն ֆիլմ»ի Սէզար մրցանակը, իսկ Քասովից արժանացած է «Լաւագոյն բեմադրիչ» մրցանակին՝ 1995-ի Քաննի Ֆիլմի Փառատօնին:

Աւելի ուշ ան բեմադրած է «Մանուշակագոյն գետերը» (The Crimson Rivers, 2000) ոստիկանական-քննչական թրիլըրը, որուն գլխաւոր դերերով հանդէս եկած են Ժան Ռընոն եւ Վենսան Քասելը. այս ֆիլմը եւս հսկայական առեւտրական յաջողութիւն արձանագրած է Ֆրանսայի մէջ։ Անոր «Կոթիքա» (Gothika, 2003) երեւակայական թրիլըրը ոմանց կողմէ նկատուած է առեւտրական ձախողութիւն, թէեւ անիկա ապահոված է իր շուրջ 40 միլիոն տոլարի պիւտճէին աւելի քան եռապատիկ հասոյթը։ Ֆիլմին մէջ նկարահանուած են Հէլի Պերի, Ռոպըրթ Տաունի Կրտսեր եւ Փենելոփէ Քրուզ:

Քասովից «Կոթիքա»էն գոյացած դրամը օգտագործեց աւելի անձնական ծրագիր մը մշակելու համար՝ «Պապելոնի մանուկները» (Babylon Babies), որ Մորիս Կ. Տանթէի գիրքերէն մէկուն յարմարցումն էր։ Անիկա ի վերջոյ էկրան բարձրացաւ «Պապելոն Ա.Դ.» (Babylon A.D.) տիտղոսով:

2000 թուականին Քասովից հիմնած էր «MNP Entreprise» ֆիլմարտադրութեան ընկերութիւնը՝ «Քասովիցի գեղարուեստական ֆիլմերը մշակելու ու արտադրելու, ինչպէս նաեւ զինք իբրեւ բեմադրիչ եւ դերասան ներկայացնելու համար»։ «MNP Entreprise»-ը պատասխանատու է շարք մը ֆիլմերու համատեղ արտադրութեան համար, ներառեալ՝ «Ավիտա» (Avida, 2006), որուն մէջ Քասովից դերակատարած է, եւ «Պապելոն Ա.Դ.», որ ան բեմադրած է[9]:

Քասովից գնեց քոնկոյացի գրող Էմանուէլ Տոնկալայի «Չար շունը՝ Ճոնին» (Johnny chien méchant) վէպին ֆիլմի իրաւունքները։ «Ճոնի Մէտ Տոկ» (Johnny Mad Dog) տիտղոսով ֆիլմի յարմարցումը, որուն սենարիստն ու բեմադրիչը Ժան-Սթեֆան Սովերն է[10], իր առաջին ցուցադրութիւնը ունեցաւ 2008-ի Քաննի Ֆիլմի Փառատօնին։ Անիկա ցուցադրուեցաւ «Որոշակի հայեցակէտ» (Un Certain Regard) բաժնին մէջ[11]:

2011 թուականին ան նկարահանուեցաւ եւ բեմադրեց «Ապստամբութիւն» (Rebellion) պատերազմական ֆիլմը, որ հիմնուած է ֆրանսական յատուկ ջոկատայիններու իրական պատմութեան վրայ, որոնք բախում ունեցած էին Ֆրանսայի մելանէզիական տարածքի՝ Նոր Քալետոնիոյ ցեղերուն հետ:

Անոր ապագայ ծրագիրը՝ «MNP» գիտաֆանթասթիք ֆիլմը, կոչուած է «Միր» (Mir) տիեզերակայանին անունով, որուն կիւրեղեան գրութիւնը (Мир) կը նմանի MNP տառերուն, ինչպէս նաեւ իր արտադրական ընկերութեան անուան[12]:

Քասովիչ Քաննի 2008-ի ֆիլմի փառատօնին:

Ֆրանսայէն դուրս Քասովիչ առաւելաբար յայտնի է Ժան-Փիէռ Ժօնէի «Ամելի» (Amélie) ֆիլմին մէջ Նինօ Քենքամփուայի (Nino Quincampoix) իր դերով: Ան նաեւ փոքր դերեր ստանձնած է «Ատելութիւն» (La Haine — զոր ինք բեմադրած է), «Տարեդարձի աղջիկը» (Birthday Girl) եւ «Հինգերորդ տարրը» (The Fifth Element) ֆիլմերուն մէջ:

Ան գլխաւոր դերեր ստանձնած է Ժաք Օտիարի «Ինքնաշէն հերոսը» (A Self-Made Hero, 1996) եւ Քոսթա-Կավրասի «Ամէն» (Amen., 2003) ֆիլմերուն մէջ: Քասովիչ ճանչցուած է նաեւ Սթիվըն Սփիլպըրկի 2005-ի «Միւնիխ» (Munich) ֆիլմին մէջ ներքին հակասութիւններով լեցուն պելճիքացի պայթուցիկ նիւթերու մասնագէտի կերպարը մարմնաւորելուն համար՝ Էրիք Պանայի (Eric Bana), Տենիէլ Քրէկի (Daniel Craig) եւ Ճեֆրի Ռաշի (Geoffrey Rush) կողքին: Քասովիչ եղած է Քաննի 2001-ի ֆիլմի փառատօնի դատակազմի անդամ:

2015-էն ի վեր Քասովիչ կը նկարահանուի «Բիւրոն» (The Bureau) լրտեսական հռչակաւոր ժապաւէնաշարին (սերիալ) մէջ, որ Ֆրանսայի մէջ կը հեռարձակուի Canal+-ով, իսկ ամբողջ աշխարհի տարածքին հասանելի է Amazon Prime Video-ի միջոցաւ: Մինչեւ օրս ցուցադրուած է հինգ եղանակ:

Քասովիչ ամուսնացած էր ֆրանսացի դերասանուհի Ժիւլի Մոտիւէշի (Julie Mauduech) հետ: Ան բեմադրած է զինք իր 1993-ի «Մէթիս» (Métisse — անգլերէն վերնագիրը՝ Café au lait) ֆիլմին մէջ, ուր ինք եւս դերասանած է: Ան փոքր դեր մը ունեցած է նաեւ իր «Ատելութիւն» (La Haine) ֆիլմին մէջ (փարիզեան արուեստի պատկերասրահի տեսարանին ընթացքին)[14][15]:

2009-ին, Քասովիչ յաղթած է Այլընտրանքային էներժիայով փոխադրամիջոցներու Մոնթէ Քարլոյի ռէլիին (Rallye Monte Carlo des Véhicules à Énergie Alternative)՝ էլեկտրական ինքնաշարժներու բաժնին մէջ, վարելով Tesla Roadster մը:[16]

Քասովիչ յայտնի է իր ուղղակի ու համարձակ արտայայտութիւններով եւ յաճախ վիճահարոյց մեկնաբանութիւններ ըրած է ընկերա-քաղաքական հարցերու շուրջ: Ան Ֆրանսայի նախկին նախագահ Նիկոլա Սարքոզիի խիստ քննադատներէն էր, որուն իր պլոկին մէջ նկարագրած է իբրեւ մէկը, որուն «գաղափարները ոչ միայն կը յայտնեն քաղաքականութեան եւ մարդկային յարաբերութիւններու իր փորձառութեան պակասը, այլեւ լոյս կը սփռեն ողորմելի, ինքնակոչ Նափոլէոնի մը զուտ ժողովրդահաճոյական եւ եսակեդրոն կողմերուն վրայ»: 2012-ի հարցազրոյցի մը ընթացքին, ան Սարքոզիի հեռացող իշխանութիւնը որակած է «սարսափելի»[17]:

3 Սեպտեմբեր 2023-ին, Autodrome de Linas-Montlhéry-ի մէջ մարզումի վարժանքներու մասնակցած ատեն, Քասովիչ մոտոսիկլէթի «ծանր» արկածի ենթարկուեցաւ, որ պատճառեց գլխու վնասուածք եւ կոնքի կոտրուածք[18][19]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Babelio — 2007.
  2. 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija / խմբ. A. VujićLZMK, 2005.
  3. 1 2 Munzinger Personen
  4. 1 2 http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?mots=Mathieu+Kassovitz&nom_acteur=KASSOVITZ%20Mathieu&ident=20947&debut=0&record=5&from=ok
  5. (անգլերեն) Mathieu Kassovitz, 2026-04-24, https://en.wikipedia.org/w/index.php?title=Mathieu_Kassovitz&oldid=1350865702, վերցված է 2026-08-11
  6. (անգլերեն) Mathieu Kassovitz, 2026-04-24, https://en.wikipedia.org/w/index.php?title=Mathieu_Kassovitz&oldid=1350865702, վերցված է 2026-08-11
  7. Riding, Alan (14 August 1994). "A French Director Straight Out of (Enfin) Spike Lee". The New York Times. Retrieved 26 November 2007.
  8. (անգլերեն) Mathieu Kassovitz, 2026-04-24, https://en.wikipedia.org/w/index.php?title=Mathieu_Kassovitz&oldid=1350865702, վերցված է 2026-08-11
  9. "Mathieu Kassovitz profile". Voice.fr. Retrieved 1 January 2015.
  10. "MNP Entreprise". En.unifrance.org. Retrieved 8 August 2012.
  11. "Festival de Cannes: Film details 2008". Festival-cannes.fr. Retrieved 8 August 2012.
  12. Leffler, Rebecca (21 May 2008). "Kassovitz leading 'Rebellion', big-budget 'MNP'". The Hollywood Reporter, the Daily from Cannes (8). Cannes: 22. Retrieved 6 August 2015.
  13. (անգլերեն) Mathieu Kassovitz, 2026-04-24, https://en.wikipedia.org/w/index.php?title=Mathieu_Kassovitz&oldid=1350865702, վերցված է 2026-08-11
  14. "Mathieu Kassovitz: Biographie". LeJournal des Femmes (in French).
  15. "La biographie de Mathieu Kassovitz avec Voici.fr". Voici.fr (in French). Retrieved 6 August 2015.
  16. Classement final officiel 2009[permanent dead link], ACM.mc; accessed 6 August 2015.
  17. "Hungarians are crazy", Index.hu, 30 May 2012.
  18. Piña, Christy (3 September 2023). "French Director and Actor Mathieu Kassovitz Involved in "Serious" Motorcycle Accident". The Hollywood Reporter. Retrieved 27 November 2023.
  19. Chrisafis, Angelique (4 September 2023). "French actor Mathieu Kassovitz 'seriously injured' in motorbike accident". The Guardian. Paris. Agence France-Presse. Retrieved 27 November 2023.