Լեւոն Մելիքսէթ-Բէկ
| Լեւոն Մելիքսէթ-Բէկ | |
|---|---|
| Ծնած է | 14 Սեպտեմբեր 1890[1][2] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 3 Սեպտեմբեր 1963[3][1][4] (72 տարեկանին) |
| Մահուան վայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Օդեսայի ազգային համալսարան?[1] |
| Կոչում | փրոֆէսոր և թղթակից անդամ[1] |
| Մասնագիտութիւն | պատմաբան, բանասէր, մատենագիր, հնաբան, աղբյուրագետ և գիտնական |
| Աշխատավայր | Թիֆլիսի Պետական Համալսարան[1], Երեւանի Պետական Համալսարան և Պաքուի Պետական Համալսարան |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն, Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[1][5] և Մոսկուայի Կայսերական Հնագիտական Ընկերութիւն |
Լեւոն Մելիքսէթ-Բէկ (14 Սեպտեմբեր 1890[1][2], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] - 3 Սեպտեմբեր 1963[3][1][4], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1]), հայ աղբիւրագէտ, հնագէտ, բանասէր եւ թարգմանիչ։ Յայտնի է իբրեւ հայ-վրացական գրական ու պատմական կապերու նշանաւոր մասնագէտներէն մէկը։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս։ Սորված է մասնաւոր դպրոցի, իսկ 1899-1908ին՝ Թիֆլիսի ռէալական դպրոցին մէջ։
1909-1913-ին, Մելիքսէթ-Բէկ ուսանած է Օտեսայի համալսարանի իրաւաբանական ճիւղին մէջ, միաժամանակ հետեւելով նոյն համալսարանի պատմա-բանասիրական դասընթացքներուն։ Ուսումնառութեան ընթացքին յատուկ հետաքրքրութիւն ցուցաբերած է դէպի հնագիտութիւնը եւ այդ նպատակով ճամբորդած է Ռուսաստանի հայաբնակ վայրերը։
1914-ին ընտրուած է պատմութեան եւ հնութիւններու Օտեսայի ընկերութեան թղթակից անդամ։
Վերադառնալով Թիֆլիս, ան վարած է շարք մը պաշտօններ, ինչպէս Հայոց Ազգագրական Ընկերութեան խմբագրական մասնաժողովի անդամ եւ քարտուղար, Մոսկովեան Հնագիտական Ընկերութեան Կովկասեան բաժանմունքի անդամ, ապա գիտական քարտուղար, եւ վրաց լեզուի եւ պատմութեան դասախօս Թիֆլիսի երրորդ արական գիմնազիոնին մէջ։
1918 թուականէն մինչեւ կեանքի վերջը հայոց լեզու, ապա հայ գրականութեան պատմութիւն դասախօսած է Թիֆլիսի համալսարանին մէջ։ Հայաստանի պատմութիւն դասաւանդած է Պաքուի համալսարանին (1935), Քութայիսի մանկավարժական հիմնարկին (1937) եւ Գորիի մանկավարժական հիմնարկին (1947) մէջ։ Դասաւանդած է նաեւ Երեւանի համալսարանին մէջ։
1923-1930 թուականներուն Հայաստանի հնավայրերը ուսումնասիրող քանի մը արշաւախումբեը ղեկավարած է։ 1941-ին Վրաստանի գիտութեան վաստակաւոր գործիչի տիտղոսին արժանացած է, իսկ 1945-ին Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի թղթակից անդամ ընտրուած է։
1956-ին մասնակցած է Լեռնային Ղարաբաղի հնագիտական արշաւախումբի աշխատանքներուն։
1928 թուականին «Վարդապետք հայոց հիւսիսային կողմանց» խորագրով աւարտաճառը պաշտպանելով, ստացած է բանասիրական գիտութիւններու դոկտորի աստիճանը։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մելիքսէթ-Բէկ մասնագիտացած է հնագիտութեան, հայ-վրացական յարաբերութիւններու, հայ միջնադարեան գրականութեան մէջ։ Գլխաւոր գործերն են.
- «Վարդապետք հայոց հիւսիսային կողմանց եւ անոնց ինքնութիւնը» (1928, վրացերէն),
- «Վրաց աղբիւրները Հայաստանի եւ հայերի մասին» (երեք հատոր՝ 1934, 1936, 1955),
- «Հայ գրողները եւ Վրաստանը» (գիրք 1, 1964)։
Ուսումնասիրած եւ հրատարակած է հայկական եւ վրացական մատենագրութեան բազմաթիւ բնագիրներ եւ վրացերէնի թարգմանած է Սայաթ Նովայի հայերէն խաղերը, ի շարս այլ գործերու։
Ուսումնասիրած է նաեւ միջնադարեան վրացական եւ հայկական յուշարձանները։
Յայտնաբերած է 874 թուականի Սեւանի հայերէն արձանագրութիւնը, ուր առաջին անգամ կը յիշուի Երեւան բնակավայրը միջնադարեան վիմագիր աղբիւրներուն մէջ։
Մելիքսէթ-Բէկի հայերէն, վրացերէն եւ ռուսերէն հարիւրաւոր յօդուածներ ցրուած են պարբերական մամուլին մէջ[6]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1981. — հատոր 7. — է. 392–393.
- 1 2 DEATH OF LEVON MELIKSET-BEK
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი — 2001.
- ↑ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
- ↑ «ԼԵՒՈՆ ՄԵԼԻՔՍԷԹ-ԲԷԿ (մահ՝ 3 Սեպտեմբեր, 1963)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2025-11-14