Գօտի Փորագրազարդ (Ք.Ա. 12-11-րդ Դարեր, Լճաշէն, № 2153)
| նիւթ | Պրոնզ |
|---|---|
Գօտի փորագրազարդ (Ք. Ա. 12-11-րդ դարեր, Լճաշէն), պրոնզէ թիթեղպ պատրաստուած գօտի։ Կը պահուի Երեւանի մէջ գտնուող Հայաստանի պատմութեան թանգարանին մէջ եւ գրանցուած է 2153 համարի տակ։
Գօտին կը համարուի Ք. ա. 12-11-րդ դարերու հնութիւն, պրոնզէ, չափերը՝ 1 15,5×39×0,2 սմ։ Յայտնաբերուած է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Լճաշէն գիւղի տարածքին։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դրուագուած պրոնզէ թիթեղի մակերեսի վրայ նուրբ փորագրութեամբ պատկերուած են ողջ հասակով կանգնած երկու մարդկային կերպար։ Անոնցմէ մէկը կը կառավարէ երկար քաշանով երկանիւ կառքը, որու անիւները շրջանի մէջ առնուած հնգաթեւ աստղի տեսք ունին։ Կառքին լծուած են երկարուկ իրաններով ֆանտաստիկ երկու ձիեր եւ կը կառաւարուին երասաններով[1]։ Ձիերու ոտքերուն վերջոյթներուն ոչ թէ սմբակներ են, այլ մագիլներ, իսկ անոնցմէ մէկուն գլխին վրայ եղջիւրանման ելուստներ կան։ Ձիերու առջեւէն կ՚ընթանան երկու թռչուն։ Կառապանը ընդգծուած ֆալլով հսկայամարմին էակ է` սխեմատիկ, ընդհանրացուած մարմնաձեւերով։ Հագին առիւծի դիմակ է, մէջքին կը կրէ գօտի, ոտքերուն` վեր կեռուած քիթով երկարաճիտ կօշիկներ։ Տղամարդու ուսերէն վեր` դէմքի բարձրութեամբ արեւ խորհրդանշող ճառագող սկաւառակ է։ Նոյնպիսի սկաւառակ պատկերուած է նաեւ աջակողմեան ձիու վիզին տակ[1]։
Մարդկային երկրորդ կերպարը առաջինի նման հսկայամարմին է։ Պետք է ենթադրել, որ ան եւս կը կառավարէ կառք (այս հատուածին մէջ գօտին վնասուած է)։ Կառքին լծուած չորս ձիերէն պահպանուած են երեքը, որոնց գլխաւերեւը պատկերուած են արեւ խորհրդանշող սկաւառակներ։ Ձիերուն ընդառաջ պատկերուած են կտցահարող թռչուններ։ Գօտին եզրագծուած է երկշար վազող պարոյրներով եւ հատուող զիգզագաձեւ զարդանախշով[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները Archived 2019-12-06 at the Wayback Machine.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

