Բանաստեղծական Չափի Միաւորներ
Բանաստեղծական չափի միաւորներն են.
Ոտք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ոտքը բանաստեղծական տողին մէջ կրկնուող վանկերու խումբ է։ Ան կազմուած է մէկ շեշտուած ու մէկ կամ աւելի անշեշտ վանկերու միասնութն։ Ոտքերը կ՛ըլլան քանի մը տեսակ, կախուած շեշտակիր ու անշեշտ վանկերու քանակէն։
- Եամբը (մեծավերջ) կազմուած է մէկ անշեշտ ու մէկ շեշտուած վանկերէ՝
| Տե -սա՛յ / ե-րա՛զ / մի -վա՛ռ,
Ոս-կի՛ / մի -դո՛ւռ / տե-սա՛յ Վը-րա՛ն / փե-րո՛ւզ / կա-մա՛ր, Սիւ-նե՛/ րը -հո՛ւր / տե-սա՛յ։ |
Հայերէն բանաստեղծութեան մէջ յաճախ կը հանդիպին եամբով քերթուածներ։
Վերի քերթուածի նշանագիրը կ՛ըլլայ հետեւեալը՝ ◡-՛ ◡-՛ ◡-՛
- Անապեստը (վերջատանջ) կազմուած է երկու անշեշտ ու վերջին մէկ շեշտուած վանկերէ։ Հայերէն բանաստեղծութեան մէջ անապեստեան չափը տարածուած է, քանի որ ան կը համապատասխանէ հայերէնի շեշտադրութեան օրէնքին (շեշտը բառի վերջին վանկին վրայ) թէեւ աւելի յաճախ ընդունուած է եամբ -անապեստեան չափը՝
Թաւագիրները անապեստ են, միւսները՝ եամբ։ Նշանագրուած է առաջին տողը՝ ◡-՛ ◡◡-՛ ◡◡-՛ ◡-՛
Կամ ամբողջութեամբ անապեստեան տողեր՝ ◡◡-՛ ◡◡-՛ ◡◡-՛
| Չը-գի-տե՛մ / որ-տե-ղի՛ / ցէ-գա-լի՛ս
Ջու-թա-կի՛ / հե-կե-կա՛ն / քը- տըր-տո՛ւմ. Եւ լա-լի՛ / սէ -ան-վե՛րջ, / ու լա-լի՛ս, Եւ-ան-վե՛րջ / ծա-ւալ-ւո՛ւմ / իմ- սըր-տո՛ւմ։ |
- Պեոնը կը բաղկանայ երեք անշեշտ ու մէկ շեշտուած վանկերէ։ Շեշտը կրնայ ըլլալ տարբեր տեղեր եւ անոր համապատասխան կ’ըլլան առաջին, երկրորդ, երրորդ ու չորրորդ պեոններ։
-՛◡◡◡ ◡-՛◡◡ ◡◡-՛◡ ◡◡◡-՛
Կան նաեւ հինգ վանկերէ կազմուած ոտքեր, որոնք կը կոչուին պենտոն եւ պեոններու նման ունին տարբեր դիրքերու շեշտեր։
| Պէոն՝
Ես իմ անո՛ւշ / Հայաստանի՛ / արեւահա՛մ / բա՛ռն եմ սիրում, Մեր հին սազի՛ / ողբանուա՛գ, / լացակումա՛ծ / լա՛րն եմ սիրում… |
Առաջին երեք ոտքը չորրորդ, իսկ վերջինը առաջին պեոն են։
| Պենտոն՝
Ի՞նչ է օրէ՛նքը, / մարկանցից օրհնա՛ծ, / բիրտ ուժեղների՛ / այդ սուրը դաժա՛ն. Անզօրի գլխի՛ն / կախուած յաւիտեա՛ն / խեղճին խողխողո՛ղ / հզօրին պաշտպա՛ն։ |
Բոլոր ոտքերը հինգերորդ պենտոն են[1]։
Անդամ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բանաստեղծական տողը (բանատող) կ’ունենայ նաեւ անդամ կամ հատած, որ երկու կից ոտքերու միասնութիւնն է։ Հայերէնի մէջ 7-8 ու աւելի վանկ ունեցող տողերը կազմուած կ’ըլլան երկու կամ աւելի անդամներէ։ Անդամները իրերմէ կը բաժնուին աւելի մեծ դադարներով, քան ոտքերը։ Հայերէն բանաստեղծութեան յատուկ է հաստատուն հատածը, որ կը դրուի տողերու նոյն տեղը՝ ընդհանրապէս տողի կեդրոնը, առաջացնելով հաւասար կիսատողեր։ Ամէնէն աւելի կը հանդիպին հետեւեալ անդամները՝
- Եամբական քառավանկ անդամ (2+2)•
Տխո՜ւր գիշեր, // տրտո՜ւմ գիշեր…
Կամ՝
Գանձեր ունեմ // անտա՜կ, անծէ՜ր…
- Անապեստեան վեցվանկանի (3+3).
| Մշուշներն են սահում…// սօսաւում է ուռին…
Իմ օրեր անհատնում,// անխնդում եւ անտուն. Ցնորքներ լուսավառ,// ընդունայն, ապարդիւն, Մոռացուած է յաւէտ // արեւոտ ձեր ուղին… |
- Եամբ- անապեստեան հինգ վանկով անդամ( 2+3 կամ 3+2)
| Քնքշաբոյր ծաղկանց // հրեղէն խաղով
Ժպտում են նորից // անտառ ու ձորակ, Եւ հեղեղները // խօսուն- սառնորակ Ողջունում են ինձ // զուարթ ծիծաղով։ |
Յանգ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յանգը բանաստեղծութեան հնչիւնային ձեւաւորումի հիմնական միջոցներէն է։ Այն աւելի ներդաշնակ ու երաժշտական կը դարձնէ բանաստեղծական տողը։ Յանգ կ’ունենանք, երբ տողերը կ’աւարտին համահունչ վերջաւորութեամբ՝
| Գիշերը ամբողջ հիւանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին, Շուրջս ոչ մի ձայն ու շշուկ չկար- Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին, |
Յանգը Հայաստանի մէջ ծագած է միջին դարերուն՝ Շնորհալիի, Ֆրիկի ու յաջորդներու քերթողութեան մէջ։ Նախ քառատողի բոլոր յանգերը համահունչ էին, բայց մեր օրերուն այդ ձեւը հազուադէպ գործածելի է։ Ներկայիս յանգաւորումի տեսակներն են՝
- Կից յանգաւորում– aabb
| Ցրտահա՜ր, հողմավա՜ր,
Դողացին մեղմաբար, Տերեւները դեղին Պատեցին իմ ուղին։ |
- Խաչաձեւ յանգաւորում-abab
| Քո սուրբ սէրը սար է դառել
Դալարգեղ, երկնածրար ու բեղուն Գլխիդ վերը ամպ է շարել՝ Գալարգեղ, կամարակապ ու զեղուն։ - Կոմիտաս |
- Օղակաձեւ յանգաւորում-abba
| Համոյրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծծեմ՝ հեշտագին Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին՝ Ու զով շաղերուդ կախարդանքը թաց։ |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 8-րդ, էջ 640/676։
- Էդ. Ջրբաշեան, Հ. Մախչանգան (1980), Գրականագիտական բառարան,Երեւան, «Լոյս», էջ 331-332։