Բաբգէն Կիւլէսերեան
| Բաբգէն Կիւլէսերեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 23 Մարտ 1868 |
| Ծննդավայր | Այնթէպ, Հալէպի գաւառ, Հալէպի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 9 Յուլիս 1936 (68 տարեկանին) կամ 9 Ապրիլ 1936[1] (68 տարեկանին) |
| Մահուան վայր | Անթիլիաս, Մեծ Լիբանան, Սուրիոյ եւ Լիբանանի ֆրանսական մանտադ |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | կղերական, պատմաբան, բանասէր և Խմբագիր |
| Վարած պաշտօններ | ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀԱՅՈՑ |
Բաբգէն Աւետիք Կիւլէսերեան (Բաբգէն Աթոռակից Կաթողիկոս Կիւլէսէրեան, 23 Մարտ 1868, Այնթէպ, Հալէպի գաւառ, Հալէպի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն - 9 Յուլիս 1936 կամ 9 Ապրիլ 1936[1], Անթիլիաս, Մեծ Լիբանան, Սուրիոյ եւ Լիբանանի ֆրանսական մանտադ), աւազանի անունով՝ Յարութիւն, Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, եկեղեցական գործիչ, պատմաբան, բանասէր, խմբագիր, Երուսաղէմի միաբան[2]։
1928-էն՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Բաբգէն Ա.-ի աթոռակից կաթողիկոս[3]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Այնթապցի, Հայիկ թաղէն, որդի Կիւլէսէրեան Աւետիքի եւ Նազարեան Սոֆիկի:
- Ծնած է 23 Մարտ 1868-ին:
- Մկրտուած է Ս. Զատկուան Ճրագալոյցին, եւ այս պատճառով զինք անուանակոչած են Յարութիւն:
- Նախակրթութիւնը ստացած է Այնթապի Վարդանեան Կրթարանին մէջ, Նոյ. 1885 - Հոկտ. 1889:
- 11 Նոյ. 1889 - Սեպտ. 1896՝ ուսանող եւ շրջանաւարտ Արմաշի դպրեվանքին մէջ:
- 28 Սեպտեմբեր 1890-ին, դպիր, տասը դասակիցներով:
- 27 Սեպտենբեր 1892-ին, Վարագայ Խաչի Կիրակի, սարկաւագ, եօթը դասակիցներով:
- 18 Յունիս 1895-ին, քահանայ-աբեղայ, Տէր Բաբգէն անուանակոչութեամբ, եօթը դասակիցներով:
- 26 Մայիս 1896-ին գաւազան մասնաւոր վարդապետութեան:
Դպրութենէն մինչեւ վարդապետութիւն, բոլոր աստիճանները ընդունած է Արմաշի վանքին Չարխափան Ս. Աստուածածին տաճարին մէջ, ձեռնադրութեամբ դպրեվանուց փոխ-վանահայր եւ վերատեսուչ Օրմանեան Մաղաքիա Արքեպիսկոպոսի եւ խարտաւիլակութեամբ՝ դպրեվանուց ներքին տեսուչ S. Եղիշէ Ծայրագոյն Վարդապետ Դուրեանի:
- 18 Սեպտ. 1896-ին, Կ. Պոլիս, եւ 21 Սեպտ. 1896-ին, քարոզիչ Նոր գիւղի (Վոսփոր):
- 25 Դեկտ. 1896-ին, անձնական քարտուղար նորընտիր պատրիարք Օրմանեան Մաղաքիա Արքեպիսկոպոսի:
- 10 Փետրուար 1897-էն սկսեալ, քարոզիչ Պէշիկթաշի Ս. Աստուածածին եկեղեցւոյ:
- 21 Սեպտեմբեր 1897-ին, ծայրագոյն վարդապետ, Կ. Պոլիս, Գում գաբու, Մայր եկեղեցւոյ մէջ, վեց դասակից եւ օծակից ընկերներով, Մաղաքիա Պատրիարքէն, եւ մանիշակ փիլոն:
- Սեպտեմբեր 1897-ին -1899 աշուն, առաջնորդական տեղապահ Ճանիկի (Սամսոն), կազմակերպութիւն վիճակին եւ դպրոցներու:
- 1899-1900-ի վերջ, ընդհանուր վանահայր եւ առաջնորդական տեղապահ Տարօնոյ (Մուշ) վիճակին: Կազմակերպութիւն որբանոցի եւ հաստատութիւն մանուսայագործութեան Ս. Առաքելոց վանքին մէջ:
- Մուշի մէջ գործունէութիւնը կ'ընդհատուի ի սպառ բանտարկութեամբ:
- 1900-1907, Կ. Պոլիս, «ընդ հսկողութեամբ»: Տրապիզոնի (երկիցս) եւ Մարաշի առաջնորդ կ'ընտրուի, բայց Սուլթան Համիտի կառավարութիւնը կը մերժէ:
- Քարոզիչ Բերայի Ս. Յարութիւն եկեղեցւոյ մինչեւ Սեպտեմբեր 1901-ի սկիզբը, ապա՝ Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյն: Միանգամայն մատենադարանապետ Ազգային մատենադարանին (Ղալաթիա): Խմբագիր-հրատարակիչ ԼՈՅՍ եկեղեցագիտական շաբաթաթերթին,
- 1905 եւ 1906, եւ գրաբարի ուսուցիչ Ղալաթիոյ Կեդրոնական եւ Սկիւտարի Պէրպէրեան վարժարանաց մէջ:
- 1907-ի վերջէն 1909, փոխ-վանահայր եւ վերատեսուչ Արմաշի դպրեվանքին:
- Մարտ 1909-ին, առաջնորդ Գաղատիոյ (Անկիւրիա) վիճակին,
- Եպիսկոպոս կը ձեռնադրուի 19 Սեպտեմբեր 1910-ին, Խաչի Բ. Կիրակին, Ս. Էջմիածինի մէջ, Իզմիրլեան Մատթէոս Կաթողիկոսին ձեռքով:
- 31 Յուլիս 1913-ին Անկիւրիայէն կը մեկնի միամեայ արձակուրդով, կու գայ Այնթապ, Կիլիկեան ճեմարանի պաշտօնական բացման հանդէսին կը նախագահէ, մինչեւ Փետրուար 1914-ի վերջը կը մնայ Այնթապ, ապա կը մեկնի Ֆրանսա, դարման գտնելու զինք տառապեցնող երիկամային հիւանդութեան: Այդ միջոցին կը պայթի Մեծ պատերազմը, Եւրոպայէն կ'անցնի Ամերիկա:
- Նիւ Եորք կը հասնի 14 Հոկտեմբերին, ուր վիրաբուժական գործողութեան կ'ենթարկուի:
- Պատերազմի հետեւանքներուն պատճառով կը մնայ Ամերիկա մինչեւ 1922:
- Պոսթոնի մէջ Ա. Նազարի հետ կը հրատարակէ ՏԱՒՐՈՍ շաբաթաթերթը (1918 եւ 1919):
- 1922-1923 քննական այցելութեամբ կը վերադառնայ Եւրոպա, Եգիպտոս, Երուսաղէմ, Սուրիա եւ դարձեալ Երուսաղէմ (1923 15 Մարտ), ուր կը մնայ մինչեւ 1 Սեպտեմբեր, Կիւլպէնկեան ընծայարանի հաստատութեան ծրագիրով, կը վերադառնայ Ամերիկա եւ Նիւ Եորք կը հասնի 15 Հոկտեմբերին, եւ Կիւլպէնկեան Պատրիկի հետ ընծայարանի բացման վերջնական կարգադրութիւնները ընելէ ետք, կը վերադառնայ Երուսաղէմ եւ կը հաստատուի Ս. Յակոբի մէջ:
- Դուրեան Եղիշէ Ս. Պատրիարքին մօտ, 14 Նոյեմբեր 1924-ին, ընծայարանի եւ ժառանգաւորաց վարժարանին մէջ կը դասաւանդէ, եւ 1927-1930 ՍԻՈՆ ամսաթերթը կը խմբագրէ:
- 1928-ին Կիլիկիոյ Վեհափառ Սահակ Կաթողիկոսին կողմէ կը կոչուի աթոռակից կաթողիկոսութեան, կազմակերպելու համար Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը Սուրիոյ մէջ:
- 13 Օգոստոս 1930-ին, Երուսաղէմէն կու գայ եւ կը հաստատուի Անթիլիաս, ուր կը բացուի նոր դպրեվանքը, վերատեսչութեամբ Շահէ Ծայրագոյն Վարդապետին: Դպրեվանքին մէջ կը ստանձնէ գրաբար եւ աշխարհաբար հայերէններու եւ հայ մատենագրութեան դասերը:
- 26 Ապրիլ 1931-ին, Հալէպի Ս. Քառասուն Մանկունք եկեղեցւոյն մէջ, կաթողիկոսական ձեռնադրութիւն ու օծում, իբրեւ աթոռակից եւ յաջորդ կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ:
- 1931-ին կը ստանայ արքութեան տիտղոս:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աթոռակից կաթողիկոս ըլլալէ եւ Անթիլիաս հասնելէ ետք, Կիւլէսէրեանի կարեւոր գործերէն մէկը կ'ըլլայ հիմնել տպարան մը, ինչպէս նաեւ զարկ տալ նոր բացուած դպրեվանքին:
Զաւէն Աւ. Քհնյ. Արզումանեանը իր՝ «90-Ամեակ Դպրեվանքի. Շահէ Արքեպիսկոպոս Գասպարեան վերատեսուչ Կիլիկիոյ Աթոռի Անթիլիասի դպրեվանքին (1882-1935)» յօդուածին մէջ, կը գրէ.
- 1932-ին, Անթիլիասի մայրավանքին մէջ կը հիմնէ Կաթողիկոսութեան «Հասկ» պաշտօնական ամսաթերթը, որուն խմբագիրը կը մնայ մինչեւ իր վախճանումը:
- Կ'աշխատակցի «Արարատ»ին, «Հանդէս ամսօրեայ»ին, «Բիւզանդիոն»ին, «Բիւրակն»ին եւ ուրիշ պարբերականներու՝ ստորագրելով Հայ Եկեղեցւոյ պատմութեան, բանասիրաազգագրական, կրօնական, աստուածաբանական խնդիրներուն վերաբերող յօդուածներ եւ ուսումնասիրութիւններ:
- Վախճանած է 9 Յուլիս 1936-ին, Լիբանանի մէջ: Մարմինը ամփոփուած է Հալէպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցւոյ գաւիթին մէջ, սակայն, երեսուն տարի ետք, Խորէն Ա. Կաթողիկոսին հրամանով եւ նախաձեռնութեամբ, Բաբգէն Աթոռակից Կաթողիկոսին աճիւնները բերուած են Լիբանան եւ ամփոփուած Անթիլիասի Զարեհեան դամբարանին մէջ:
Գործերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կիլիկիա. տպ. Թիֆլիզ, 1896:
- Ժողովուրդին տօնացոյցը, տպ. Կ. Պոլիս, 1901:
- Ծովք-Տլուք-Հռոմկլա. տպ. Վիեննա, 1904:
- Կոլոտ. տպ. Վիեննա, 1904:
- Քարոզներ (Ա). տպ. Կ. Պոլիս, 1904:
- Եղիշէ. (քննական ուսումնասիրութիւն), տպ. Վիեննա, 1908:
- Հայ Եկեղեցի Ե. դարու մէջ. տպ. Կ. Պոլիս, 1912:
- Յիշատակարան Պասմաճեան Գրիգոր Պատրիարքի. տպ. Փարիզ, 1913:
- Միւնաճաթ. (թրքերէն աղօթագիրք), Գ. տպ. Կ. Պոլիս, 1913:
- Քաջն Վարդան. տպ. Պոստոն, 1920:
- Հայաստանեայց Եկեղեցի. (բանախօսութիւն). տպ. Պոստոն, 1920:
- Կենսագրութիւն Ամեն. Դուրեան Ս. Պատրիարքի. Նիւ Եորք, 1929:
- Իսլամը հայ մատենագրութեան մէջ. տպ. Վիեննա, 1930:
- Հայ Եկեղեցի. տպ. Երուսաղէմ, 1930:
- Քրիստոնէական. տպ. Երուսաղէմ, 1932:
- Դասեր Աւետարանէն (Ա. շարք). տպ. Անթիլիաս, 1934:
- Դասեր Աւետարանէն (Բ. շարք). տպ. Անթիլիաս, 1936:
- Հայ Կիպրոս. տպ. Անթիլիաս, 1936:
- Հայ Եկեղեցի. (ֆրանսերէն եւ արաբերէն լեզուներով), տպ. Պէյրութ, 1936:
Խմբագրած թերթերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լոյս շաբաթաթերթ, եկեղեցագիտական, Կ. Պոլիս, 1905 եւ 1906:
- Տաւրոս շաբաթաթերթ (աշխատակցութեամբ Ա. Նազարի) Պոսթըն, 1918 եւ 1919:
- Սիոն ամսագիր (պաշտօնական հրատարակութիւն Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան) 1927-1930:
- «Հասկ» ամսաթերթ (պաշտօնական հրատարակութիւն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան) 1932-1936:
Անտիպներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պատմութիւն Կաթողիկոսաց եւ Կաթողիկոսութեան Կիլիկիոյ (մամլոյ տակ) - հետագային տպուած, 1939-ին, Անթիլիաս:
- Հայ Անկիւրա, հետագային տպուած:
- Վարդապետը Հայց. Եկեղեցւոյ մէջ (կանոնագիտական ուսումնասիրութիւն):
- Մայր ցուցակ ձեռագրաց ազգային մատենադարանի Կ. Պոլսի, հետագային տպուած:
- Մայր ցուցակ ձեռագրաց Կարմիր-Վանքին Անկիւրիոյ, հետագային տպուած, 1957-ին, Անթիլիաս:
- Հայ Եկեղեցի (ֆրանսերէն եւ արաբերէն թարգմանութիւնը կը հրատարակուի), հետագային հայերէն ալ տպուած:
- Հայ Այնթապ, հետագային տպուած:
- Օրմանեան Սրբազան, հետագային տպուած:
- Եկեղեցական տոմարագիտութիւն:
- Բարեկարգութիւն Հայաստանեայց Եկեղեցւոյ, հետագային տպուած:
- Նալեան եւ Նարեկացի:
- Պատմութիւն աշխարհաբարի:
- Ներածութիւն Հնգամատեանի:
- Աստուածաբանութիւն Հայաստանեայց Եկեղեցւոյ:
- Կանոնագիտութիւն Հայաստանեայց Եկեղեցւոյ:
- Առաջնորդ մանկատածութեան (մայրերու համար):
Եւ բազմաթիւ այլ թերաւարտ ուսումնասիրութիւններ:
Ասոնց վրայ կարելի է աւելցնել նաեւ Բաբգէն Կաթողիկոսի խմբագրած պարբերականներուն եւ այլ թերթերու մէջ լոյս տեսած խմբագրականներն ու բազմաթիւ յօդուածները:
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Հասկ» պաշտօնական ամսաթերթ, Սեպտեմբեր-Հոկտեմբեր, 1936, էջ 142-143:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Բաբգէն Կիւլեսերեանէն (Երուսաղէմի միաբան, Կիլիկիոյ աթոռակից կաթողիկոս) Վահան Թէքէեան - Open Jerusalem»։ www.openjerusalem.org (en-US)։ արտագրուած է՝ 11 Յուլիս 2019
- ↑ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարան քարտարան › Հեղինակաւորի որոնում › Բաբգէն Ա. Կիւլէսէրեան Աթոռակից Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ (1868-1928-1936) (Personal Name)»։ koha.etchmiadzinlibrary.am։ արտագրուած է՝ 11 Յուլիս 2019[permanent dead link]