Արմենի (Խանիա)
| Գիւղ | |
|---|---|
| Արմենի | |
| յուն․՝ Αρμένοι | |
|
Այիոս Թէոլողոս եկեղեցի, Արմենի, Խանիա | |
| Երկիր |
|
| ԲԾՄ | 50 մեթր |
| Բնակչութիւն | 411 (2021) մարդ |
| Հեռախօսային ցուցանիշ | 2825 |
| Փոստային ցուցանիշ | 730 03 |
Արմենի (յուն․՝Αρμένοι)․ գիւղ, հիւսիս-արեւմտեան Կրետէ, Յունաստան։ Աբոքորոնաս քաղաքապետութեան համանուն համայնքին կեդրոնն է։ Ըստ 2021-ի մարդահամարին, Արմենի ունի 411 բնակիչ։ Խանիայէն 21քլ հեռու է։ Կը գտնուի ծովու մակերեսէն 50 մեթր բարձրութեան վրայ, Քսիդէ գետին ափերուն եւ ունի բազմաթիւ աղբիւրներ։ Ջրառատ շրջան ըլլալուն պատճառով, գիւղը ունի բազմաթիւ ջրաղացներ։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արմենի տեղանունը ինքնին կը վկայէ հայերու ներկայութիւնը շրջանին մէջ․ յունարէն լեզուին մէջ կը գործածուի յոգնակիով՝ հայեր։ Բիւզանդիոնի կայսր՝ Նիքիֆորոս Ֆոքաս, երբ Կրետէն կ՛ազատագրէ (961), անոր բանակին մէջ ծառայող մեծ թիւով հայ զինուորներ հոն կը հաստատուին։ Գիւղին մէջ դեռ մնացած են հետքեր այդ շրջանէն, ինչպէս օրինակ Բանայիային (Սուրբ Աստուածածին) նուիրուած հին եկեղեցին։
Ֆրանչեսքօ Պարոցի (Francesco Barozzi), ԺԶ․ դարու իտալացի թուաբանագէտ եւ գիտնական, 1577-ի իր արձանագրութիւններուն մէջ նշած է գիւղին անունը իբրեւ Armenus (Արմենուս), Աբոքորոնաս գաւառի։ Բեթրոս Քասթրոֆիլաքաս, 1583-ին վենետիկեան մարդահամարին արձանագրութիւններուն մէջ, գիւղը կը նշէ իբրեւ Armenus, 233 բնակիչներով։ 1630-ին, նոյն անունով գիւղը կը նշէ իր արձանագրութիւններուն մէջ ԺԷ․ դարու քարտէսագրող եւ ճարտարագէտ Ֆրանչեսքօ Պազիլիքաթա (Francesco Basilicata)։
Յունաստանի Ապստամբութեան (1821) ընթացքին, Արմենի կը դառնայ Կրետէի ժամանակաւոր յեղափոխական կառավարութեան կեդրոնը եւ 22 Մայիս, 1822-ին կրետացի ապստամբողները հոն կը ստորագրեն Էբիդաւրոսին Սահմանադրութիւնը։ Իսկ Կրետական ապստամբութեան ընթացքին (1895-1898)՝ Յունիս 26, 1897-ին, Յեղափոխական Առաջին Խորհրդաժողովը տեղի կ՛ունենայ Արմենի գիւղին մէջ։
Ըստ Եգիպտական մարդահամարին՝ 1834, Արմենի գիւղին մէջ կը բնակէին 60 քիրստոնիայ եւ 15 մահմետական ընտանիքներ։ 1881-ին Արմենի ունեցած է 679 բնակիչ (595 քրիստոնիայ եւ 84 մահմետական)։ Ստորեւ բնակչութեան ժողովրդագրութիւնը 1900-էն մինչեւ 2021 ըստ կատարուած մարդահամարներուն։
| Մարդահամար | 1900 | 1920 | 1928 | 1940 | 1951 | 1961 | 1971 | 1981 | 1991 | 2001 | 2011 | 2021 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակչութիւն | 722 | 718 | 779 | 868 | 786 | 656 | 563 | 458 | 377[1] | 384 | 345 | 411 |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Σταματελάτος Μιχαήλ, Βαμβά - Σταματελάτου Φωτεινή (2012)։ Γεωγραφικό Λεξικό της Ελλάδας Α΄։ ΤΑ ΝΕΑ։ էջ 100
- ↑ Նախորդ դարերու Կրետէի գիւղեր եւ քաղաքներ, Սբանաքիս Սթերյոս, Բոլիթիա հրտ․ 1991, էջ 146-147(յունարէն)
- ↑ Աբոքորոնաս քաղաքապետութիւն, Արմենի(յունարէն)
- ↑ Բիւզանդական հնութիւններու 28րդ վարչակեդրոն, Յունաստանի Մշակոյթի նախարարութիւն, 12-11-2015(յունարէն)
- ↑ 2011-ի մարդահամար, էջ 10890, իսկ pdf՝ի էջ 416(յունարէն)
- ↑ 2021-ի մարդահամար, հրտ․՝ 12-6-2023-ին
- ↑ Աբոքորոնաս քաղաքապետութիւն․ պտոյտ պատմութեան մէջէն,2021, էջ 42-45, Georgios Limantzakis, PhD