Jump to content

Արամ Սաթեան

Արամ Սաթեան (23 Մայիս 1947, Երեւան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, երգահան, Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ (2011), Հայաստանի կոմպոզիտորներու միութեան նախագահ։

Արամ Սաթեան
mideumpx
Հայ կոմպոզիտոր, երգահան
Ծնած է 23 Մայիս 1947-ին
Ծննդավայր Երեւան
Ազգութիւն Հայ

Արամ Սաթեանը ծնած է 23 Մայիս 1947-ին, Երեւան։ 1961 թուականին աւարտած է Երեւանի Սպենդիարեանի անուան երաժշտական դպրոցը եւ մասնագիտական առաջին քայլերը առած է Երեւանի Ռ. Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանին մէջ։ 1970 թուականին աւարտած է Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերուատորիայի ստեղծագործական բաժինը, որմէ ետք կատարելագործուած է Մոսկուայի մէջ։ 1969 թուականին Մոսկուայի երիտասարդ կոմպոզիտորներու համամիութենական ստուգաքննութեան «Սիմֆոնիկ Վարիացիաներ» ստեղծագործութեան համար ստացած է առաջին մրցանակը։ 1970 թուականէն եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորներու միութեան անդամ։

1973-1980 թուականներուն աշխատած է ՀԽՍՀ հեռուստառատիոպետկոմի մէջ՝ որպէս երաժշտական խմբագիր, իսկ 1980-1986 թուականներուն՝ Երեւանի Պապաջանեանի անուան երաժշտական ուսումնարանին մէջ՝ որպէս երաժշտութեան տեսութեան բաժինի վարիչ։ 1981-1984 թուականներուն ուսանած է Երեւանի կոնսերուատորիայի ասպիրանտուրայի մէջ եւ հրաւիրուած է դասաւանդելու ստեղծագործական բաժինին մէջ։ 1990-1994 թուականներուն եղած է Երեւանի Կամերային նուագախումբի գեղարուեստական ղեկավարը, 1994-1997 թուականներուն՝ Հայաստանի հեռուստառատիոյի պետական վարչութեան երաժշտական ծրագրերու եւ խումբերու տնօրէնը ու գեղարուեստական ղեկավարը։ Երեւանի կոնսերուատորիայի փրոֆեսոր է։ 2013 թուականին ընտրուած է Հայաստանի կոմպոզիտորներու միութեան նախագահ։

Արժանացած է բազմաթիւ մրցանակներու տարբեր հանրապետական մրցոյթներու մէջ. 1981 թուականին՝ ՀԽՍՀ կոմերիտմիութեան Պետական մրցանակ, 1976 թուականին՝ «Առաջին Սիրոյ Հեքիաթն Իմ», 1985 թուականին՝ «Արդեօք Յիշում Ես», 1991 թուականին՝ «Յուսոյ Աղօթք» երգերը՝ «Լաւագոյն Երգ»։ Գրած է «Լիլիթ», «Փոքրիկ Ցախեսը», «Մանեկեն» փոփ օփերաները, «Մենք Դաշնամուր Ենք Նուագում» պալետը, երեք սիմֆոնիա, շարք մը կոնցերտներ, բազմաթիւ սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործութիւններ, աւելի քան 300 երգեր եւ ռոմանսներ, երաժշտութիւններ կինոյի եւ թատրոնի համար։ «Լիլիթը» գրուած է 1983 թուականին եւ կը համարուի այդ ժանրին մէջ գրուած առաջին հայկական ստեղծագործութիւնը։

Արամ Սաթեանը արձակած է բազմաթիւ ձայնապնակներ եւ ձայներիզներ՝ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսայի եւ Արժանդինի մէջ: Ունի ֆոնդային ձայնագրութիւններ։

Սաթեան Երաժշտական Տոհմ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայրը՝ Արամ Սաթունցը, հօրեղբայրը՝ Աշոտ Սաթեանը, եւս նշանաւոր կոմպոզիտորներ եղած են.-

  • Աշոտ Սաթեան (1906-1958)
  • Արամ Սաթունց (Սաթեան, 1913-1990)
  • Արամ Սաթեան (1947)
  • Աշոտ Սաթեան կրտսեր (1965)
  • Արթուր Սաթեան (1973)
  • Դաւիթ Սաթեան (1979)
  • Լիլիթ Սաթեան (1981)
  • Ռուբէն Սաթեան (1982)

Պարգեւներ Եւ Կոչումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Մովսէս Խորենացիի մետալ, 2022 [1]։
  • Առաջին աստիճանի մետալ (Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար) (2017)[2]։
  • Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ (2011)[3]։
  • Հայաստանի մշակոյթի նախարարութեան ոսկէ մետալ (2007)։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ president.am։ արտագրուած է՝ 2022 թ․ նոյեմբերի 21 
  2. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ president.am։ արտագրուած է՝ 2017 թ․ նոյեմբերի 6 
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Արտաքին Յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Արամ Սաթեան - Հայաստանի կոմպոզիտորներու միութիւն