Աշոտ Մսակեր
| Աշոտ Մսակեր | |
|---|---|
| Ծնած է | անհայտ[1] |
| Մահացած է | 826[1] |
| Մասնագիտութիւն | գերիշխան |
| Ծնողներ | հայր՝ Սմբատ Է Բագրատունի?[1] |
| Երեխաներ | Հռիփսիմե Բագրատունի?, Սմբատ Ը Բագրատունի? և Բագրատ Բ. Բագրատունի |
Աշոտ Բագրատունի Մսակեր (անհայտ[1] - 826[1]), հայոց իշխան շուրջ 790[2] թուականէն (պաշտօնապէս՝ 804 թուականէն), 774–775 թուականներու ապստամբութեան նահատակ Սմբատ Բագրատունիի որդին։ Ըստ Նիկողայոս Ադոնցի, «Մսակեր» մականունը ստացած է պաս չպահելու համար։
Օգտուելով Կամսարական եւ Մամիկոնեան տոհմերու թուլացումէն, ընդարձակած է Բագրատունիներու կալուածները։ 780-ական թուականներուն Կամսարականներէն գնած է Այրարատի Շիրակ եւ Արշարունիք գաւառները, իր նստավայրը Դարոյնքէն տեղափոխած է Բագարան։ Ձեռք բերած է նաեւ Մամիկոնեաններու Տարօն գաւառը։ Լայնօրէն պայքարած է Ճահհաֆեաններու դէմ, որոնք կը ձգտէին նուաճել Հայաստանը։ Աշոտ Բագրատունիի հովանաւորութեամբ, Ութմանիկներէն նեղուող Գնունի տոհմը Աղիովիտ գաւառէն տեղափոխուած է Տայք նահանգը։ 9-րդ դարու սկիզբը, երբ Աշոտ Մսակեր Բագրատունի ձեռք բերած է նաեւ Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը։
804-ին խալիֆայութիւնը ստիպուած էր Աշոտ Մսակերը ճանչնալ իբրեւ Հայոց իշխան։ Ան մերժած է Միջագետքի Խառան քաղաքի եպիսկոպոսի՝ քաղկեդոնականութիւնը ընդունելու առաջարկը։
Աշոտ սպարապետ նշանակած է իր եղբայրը՝ Շապուհ Բագրատունին ու խնամիացած՝ Արծրունիներուն, իր դուստր Հռիփսիմէն կնութեան տալով Վասպուրականի գահերէց իշխան Համազասպ Արծրունիին։ Ըստ պատմիչ Միքայէլ Ասորիի, եղած է Բագրատունի առաջին թագաւորը, քանի որ իշխած է ինքնուրոյն[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1974. — հատոր 1. — է. 487–488.
- ↑ Հայկական Համառոտ Հանրագիտարան, 4-րդ հատոր, էջ 241, 2003թ
- ↑ «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երեւան, 2005