Ալեքսանտր Աբէլեան
| Ալեքսանտր Աբէլեան | |
|---|---|
| Ծնած է | 5 Յունիս 1858[1][2] |
| Ծննդավայր | Շամախի Քաղաք, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 6 Մայիս 1940[1][2] (81 տարեկանին) |
| Մահուան վայր | Տոն Ռոսթոֆ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1][2] |
| Մասնագիտութիւն | գրագէտ, թատերագիր և լրագրող |
Ալեքսանտր Յարութիւնի Աբէլեան (5 Յունիս 1858[1][2], Շամախի Քաղաք, Ռուսական Կայսրութիւն[1] - 6 Մայիս 1940[1][2], Տոն Ռոսթոֆ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2]), հայ դրամատուրգ, թատերական գործիչ:
Դերասան Յովհաննէս Աբէլեանի եղբայրն է։ Օգտագործած է «Աբ.» ծածկանունը՝ Թիփղիսի (Թբիլիսի) «Մշակ» թերթի խմբագրման ժամանակ (1887 - թիւ 105, 109; 1892 - թիւ 8, 10)[3]։
Աշխատակցած է «Մշակ», «Արձագանք», «Տարազ», «Մուրճ» եւ այլ պարբերականներու։ Ալեքսանդր Աբէլեանի կատակերգութիւններն ու տրամաները կ'արտացոլացնեն մանր արհեստաւոր խաւի կեանքն ու կենցաղը («Սարոտդ ճրագներ» (1903, Թիփղիս, Ա. Քութաթելաձէի տպարան), «Մկիճի հարսանիքը» (1895, Պաքու, «Արօր» տպարան), «Նաֆթի ֆանտան» (1895, Արօր), «Նշանուածներ» (1911, Նոր Նախիջեւան, Մերովբէ Աւագեանի տպարան))[4]։
Թարգմանած է Վիքթոր Հիւկոյի «Մահապարտի վերջին օրը» (1887, Թիփղիս, Յովհաննէս Մարտիրոսեանի տպարան) եւ «Կլօդ Կէօ» (1886, Յովհաննէս Մարտիրոսեանի տպարան) գործերը։
Կենսագրութիւն[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալեքսանտր Աբէլեան ծնած է Շամախի քաղաքին մէջ։ Սկզբնական կրթութիւնը ստացած է Շամախիի հայկական դպրոցին մէջ։ 1872 թուականի երկրաշարժէն ետք, Աբէլեաններու ընտանիքը տեղափոխուած է Պաքու։ Հոս, Աբէլեան քանի մը արհեստաւորներու մօտ աշակերտելէ ետք, մտած է շուէտացիի մը հիմնած մեքենայական գործարանը՝ իբրեւ փականագործութեան բանուոր-աշակերտ։ Յետագային այդ գործարանը անցած է տեղական խոշոր ձեռնարկատէրերու ձեռքը։
Աբէլեան տարիներ շարունակ աշխատելով եւ մեքենայագործութեան զանազան ճիւղերուն հմտանալով, վերջաւորութեան դարձած է գործարանի կառավարիչի օգնական։ Միաժամանակ, ան նուիրուած է ինքնակրթութեան յամառ աշխատանքին. գրական ասպարէզ մտած է՝ աշխատակցելով «Մշակ»-ին, ապա գրած է նաեւ «Տարազ», «Արօր» եւ «Մուրճ» պարբերականներուն[6]։
Վախճանած է Մայիս 6-ին, Տոնի Ռոստովի մէջ[7]։
Ստեղծագործական Կեանք[8]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրած է կատակերգութիւններ եւ դրամաներ՝ արտացոլացնելով մանր արհեստաւորական խաւի կեանքն ու կենցաղը («Մարող ճրագներ», 1903, «Միկիչի հարսանիքը», 1903 եւ այլն), ինչպէս նաեւ բանուորական շարժման դրուագներ («Նշանուածներ», 1911)։ 1880 թուականէն սկսեալ, ուշագրաւ թղթակցութիւններով ու գրական երկերով աշխատակցած է «Մշակ», «Արձագանգ» պարբերականներուն եւ «Աղբիւր» մանկական ամսագրին։
1890-ական թուականներու սկիզբէն գրած է թատերական գործեր, որոնցմէ են՝ «Անկոչ հիւրը», «Միկիչի հարսանիքը» (1895), «Միկիչի ապահարզանը» (1899), «Նաֆթի ֆանտանը» (1896), «Մարող ճրագներ», «Գիւղի վարժապետը» (1909), «Պոետի երազը» (1909), «Նշանուածները» (1912), «Պըլը Պուղի» եւ այլն։ Ասոնցմէ մի քանիսը արժանի տեղ գրաւած են արեւելահայ բեմին վրայ, յատկապէս՝ «Նաֆթի ֆանտանն» ու «Մարող ճրագները»։ Վերջինս յաջողութեամբ բեմադրուած է ոչ միայն Կովկասի, այլեւ Կոստանդնուպոլսոյ, իսկ յետագային նաեւ սփիւռքահայ կեդրոններուն մէջ։
Բացի վերոյիշեալ թատերախաղերէն, գրած է շարք մը ոտանաւորներ, որոնք տպագրուած են «Աղբիւր» եւ «Տարազ» պարբերականներուն մէջ։ Սերտ կապերու մէջ եղած է Ալեքսանտր Շիրվանզադէի, Պետրոս Ադամեանի եւ Գ. Չուբարի հետ։
Ծածկանուններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան օգտագործած է բազմաթիւ ծածկանուններ, ինչպէս՝
Ա., Ա. Ա., Աբ., Ա. Աբ., Ալ. Աբ., Աղ. Աբ., Թատերասէր, Կ. Ի. Ն., Հայ բեմի բարեկամ, Ս., Սա., Սան, Սանատրուկ, Սանդրիկ, Սանդրիկ ապէր, Փականագործ, X., V. Z:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — է. 11.
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 33։
- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 9, էջեր 9 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
- ↑ (հայերեն) Ալեքսանդր Աբելյան, 2025-11-08, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80_%D4%B1%D5%A2%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10496189, վերցված է 2026-03-03
- ↑ Սուրխաթյան Հայ Գրականություն, 2 հատոր
- ↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 21 — 720 էջ։
- ↑ (հայերեն) Ալեքսանդր Աբելյան, 2025-11-08, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80_%D4%B1%D5%A2%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10496189, վերցված է 2026-03-03
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Հայ հանրագիտակ», Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, էջ 17։